Քալիֆորնիայի Բըրբենք քաղաքում բնակվող, մոտ երկու ամիս առաջ անհետ կորած 24-ամյա հայ Գեւորգ Բոյաջյանի ավտոմեքենան գտնվել է Անջելես-Քրեստ մայրուղու կտրուկ թեքության վրա: Այդ մասին գրում է «Burbank Leader» թերթը:

Գեւորգ Բոյաջյանի «Lexus» մակնիշի սպիտակ մեքենան հայտնաբերվել է համապատասխան մարմինների կողմից կիրակի օրը: Մեքենայում մարմին չի հայտնաբերվել, իսկ մեքենայի կողքը հայտնաբերվել է հագուստ: Անհետ կորած հայի ընտանիքի անդամների խոսքով ոստիկանությունն իրենց հաղորդել է, որ վայրից ոչ հեռու դիակ է հայտնաբերվել, սակայն համապատասխան մարմինները հրաժարվել են տեղեկությունը հաստատել: «Մենք աղոթում ենք, որ նա չլինի»,ճ հայտնել է Բոյաջյանի քույր Աննա Ակիլյանը: Շերիֆի դեպարտամնետի սպանությունների բացահայտման բյուրոյի կողմից սկսված հետաքննությունը դեռ շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, 24-ամյա Գեւորգ Բոյաջյանը հուլիսի 20-ին առավոտյան 7:30-ին տանից դուրս է եկել, նրա հագին եղել են ջինսե սեւ տաբատ եւ սեւ վերնահագուստ: Մի որոշ ժամանակ նա իր մորը հայտնել է, որ կվերադառնա, սակայն կոնկրետ ժամանակ չի նշել: Ավելի ուշ նրա հեռախոսից ընկերոջը նամակ է ստացվել. «Զանգահարի՛ր ինձ»: Այդ պահից ի վեր նրանից լուր չկա: Ընտանիքի անդամների խոսքով, այդ պահից նրա հեռախոսը անջատված է, չի օգտվել կրեդիտ քարտից, չի հայտնաբերվել հիվանդանոցներում ու բանտերում: