Սարկիսով եղբայրների փոխկապակցված ընկերությունը Լեռնային Ղարաբաղում երկրաբանական հետախուզում իրականացրել: Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի միլիարդատեր, ռուսաստանյան «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության նախագահ Սերգեյ Սարկիսովը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցերին: Սարկիսովը ժամանել է Երեւան մասնակցելու Հայաստանում «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության դուստր ձեռնարկության՝ «ՌԵՍՈ» ՓԲԸ-ի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը:

«Մենք փոխկապակցված ընկերություն ունենք, որը զբաղվում է, ավելի ճիշտ զբաղվում էր երկրաբանական հետախուզմամբ Լեռնային Ղարաբաղում: Այն ԱՄՆ-ում է գրանցված»,- հայտարարել է Սարկիսովը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, վկայակոչելով  իրազեկ աղբյուրին, Սարկիսով եղբայրների հետ փոխկապված ընկերությունը հետաքրքրված է  Զարդանաշենի պղինձի եւ Թութխուն գետի բարձադիր վայրերում ոսկու հանքաերեւակման տարածքներով։ 2012թ. հունիսին Զարդանաշենի հանքաերեւակման տարածք էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

Սարկիսով եղբայրները Ռուսաստանի ապահովագրական խոշորագույն ընկերություններից մեկի՝ «ՌԵՍՈ-Գարանտիայի» սեփականատերերն են, 2013թ. Forbes-ի ռուսաստանյան ցուցակում 78-79-րդ տեղերն են զբաղեցրել՝ 1.35 մլրդ դոլար ունեցվածքով։