Թուրքիայի Հանրապետության իշխանությունները, խոսելով հայերի տեղահանումների մասին, շարունակում են առաջնորդվել ոչ թե եվրոպական, այլ Օսմանյան կայսրության արժեքային համակարգով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ Թուրքիայում ապօրինի բնակվող հայերին արտաքսելու հնարավորության մասին: «Խոսելով իբրեւ թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա եկած հայերի մասին` պարոն Էրդողանը մոռանում է աշխարհի տարբեր երկրներ իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մեկնած միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին»,- նշել է Արման Կիրակոսյանն ու հավելել. «Ցավում եմ, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին ժամանակակից Թուրքիայի Հանրապետության իշխանությունները, խոսելով հայերի տեղահանումների մասին, շարունակում են առաջնորդվել ոչ թե եվրոպական, այլ Օսմանյան կայսրության արժեքային համակարգով»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե անհրաժեշտության դեպքում Թուրքիայում ապօրինի բնակվող եւ աշխատող հայերին, որոնց թիվը, ըստ Էրդողանի հասնում է 100 հազարի, կարտաքսեն երկրից: