Այսօր ՀՊՃՀ ուսխորհրդի բլոգ օրական այցելում է միջինը 100 մարդ, իսկ նախկինում ԲՈՒՀ-ի կայքի այցելուների թիվը կազմում էր միջինը մոտ 10 մարդ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ուսանողական խորհրդի բլոգի վարող Կարեն Դերդյանը՝ ավելացնելով, որ բլոգի շնորհիվ մոտ 10 անգամ ավելացնել է ուսանողների արձագանքը ուսումնական տարբեր գործընթացների նկատմամբ։

«Եթե նախկինում կայքի միջոցով օրական ստանում էինք մեկ էլ.փոստ, ապա այժմ բլոգում օրական ստանում ենք մինչեւ անգամ 200 մեկնաբանություն»,- ասաց Դերդյանը՝ ավելացնելով, որ հատուկ «ցավոտ» թեմաների վերաբերյալ աշխուժությունն ավելի է մեծանում, իսկ մեկնաբանությունները հնարավորություն են տալիս հասկանալ ուսանողության կարիքներն ու դրանք ներկայանել ԲՈՒՀ-ի ղեկավարությանը։

Դերդյանի խոսքով՝ նախկինում, միայն ստատիկ կայք ունենալու պարագայում, դրանից օգտվում էին մարդիկ, ովքեր որոշակի տեղեկություն էին ուզում ստանալ ուսխորհրդի ստեղծման եւ նպատակների մասին, սակայն այժմ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ զարգացման շրջանում, անհրաժեշտություն է ստեղծվել, որպեսզի հենց բլոգի միջոցով ակտիվ կապ ստեղծվի, այսինքն՝ օգտագործվեն Web 2.0 տեխնոլոգիաները՝ բլոգի եւ տարբեր սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները։

Դերդյանի տեղեկացմամբ, ՀՊՃՀ ուսանողական խորհրդի բլոգը ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերին։