Որոշ քաղաքական ուժերի նյարդային ջղաձգումներն ու նրանց փորձերը՝ սեւացնել Հանրապետական կուսակցությանը, լիովին բնական են եւ կայուն ավանդույթ են դարձել համապետական յուրաքանչյուր ընտրությունից առաջ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը:

«Նման հայտարարություներով քաղաքական ուժերը փորձում են պատասխանատվությունը բարդել Հանրապետական կուսակցության վրա՝ այդ կերպ քաղաքական միավորներ վաստակելով ընտրությունների նախօրեին: Բայց նրանք հաշվի չեն առել, որ ՀՀԿ-ն առանց այդ էլ չի հրաժարվում իր պատասխանատվությունից՝ երկրում կատարվող գործընթացների համար»,- նկատել է Սահակյանը: Նա նաեւ ընդգծել է, թե քաղաքական ուժերի փորձերը՝ սեւացնել ՀՀԿ-ին եւ միավորներ վաստակել, այդքան էլ արդյունավետ չեն, քանի որ ժողովուրդն այս տարիների ընթացքում քաղաքական հոտառություն է ձեռք բերել եւ նման խորամանկություները լուրջ օգուտներ չեն տա: «Մեզ համար անընդունելի է նաեւ, որ նման պայքար ընթանում է կոալիցիոն ուժերի մեջ, սակայն դա էլ պետք է դիտարկել բնական ընթացքի մեջ»,- նշել է Սահակյանը եւ հավելել, թե իրական նախընտրական գործընթացները երկրում չեն սկսվի, քանի դեռ դրան չի միացել ՀՀԿ-ն: Ըստ Սահակյանի՝ նախընտրական գործընթացների համատեքստում պետք է դիտարկել նաեւ օրերս երկու ՕԵԿ-ական նախարարների փոփոխությունը:

Մեկնաբանելով Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցը, որում վերջինս Հայաստանում ստեղծված իրավիճակը համեմատել էր 1995-96թթ. Հետ, երբ Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարակազմը հրաժարական տվեց, Գալուստ Սահակյանը մի առած պատմեց. «Այսօր առավոտյան ես կարդացի Վարդան Այգեկցու առակը, որում նա պատմում է գազանների արքայի՝ առյուծի ծննդյան օրվա մասին: Բոլորը փորձում են շողոքորթել, իսկ աղվեսն ասում է, Դուք պետք է ոչ թե մեկ, այլ բազում ձագեր ունենաք: Առյուծը պատասխանում է. Լավ է ունենալ մեկ կորյուն, քան տասը աղվեսիկներ»:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայ-թուրքական գործընթացը փակուղի է մտել, Սահակյանն ընդգծել է, թե այդ գործընթացը երբեք փակուղի չի մտնի, անգամ եթե հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվեն։ «Եթե Թուրքիան փորձի շահարկել գործընթացը, մենք հետ կկանչենք մեր ստորագրությունը, բայց առայժմ դեռ պահը չէ»,- հայտարարել է Սահակյանը՝ միաժամանակ նշելով, որ վավերացման համար բոլոր ողջամիտ ժամկետնեն արդեն անցել են, բայց Հայաստանը պետք է հաշվի առնի Թուրքիայում առկա լարված ներքաղաքական վիճակը: