Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 25-29-ը կայցելի Լիբանան:

Սփյւոռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախ նախատեսվում է այցելություն Այնջար, հանդիպումներ քաղաքապետ Սեպուհ Սքայանի, մանկավարժների, տարբեր կառույցների ղեկավարների հետ, այցելություններ դպրոցներ եւ ակումբներ:

Մարտի 26-ին նախարարը կհանդիպի Լիբանանի ԱԳ եւ էմիգրանտների նախարար Ալի Շամիի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, Հայ ավետարանական եւ կաթոլիկ եկեղեցիների ղեկավարների, Հայկազյան համալսարանի ուսանողության, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների ղեկավարների, պատգամավորների եւ համայնքային առաջնորդների հետ:

Հաջորդ օրը նախարար Հակոբյանը կայցելի մի շարք թերթերի խմբագրություններ ու ռադիոկայաններ («Ազդակ», «Վանա Ձայն», «Զարթոնք», «Արարատ», «Ռադիո Սեւան»): Նախատեսվում է հանդիպում Հայկազյան համալսարանի մանկավարժների հետ: Այնուհետեւ կմասնակցի պետական պարգեւների հանձնման արարողությանը եւ Կաթոլիկ եկեղեցու «Գրիգոր Նարեկացի» մշակութային կենտրոնի բացմանը:

Այցելության վերջին օրը Հրանուշ Հակոբյանը կայցելի հայկական դպրոցներ եւ մանկատուն: Հնարավոր է նաեւ նախարարի հանդիպումը Լիբանանի մշակույթի նախարար Սալիմ Վարդեհի հետ:

Բացի այս նախանշված են նաեւ Հ.Հակոբյանի հանդիպումները Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Լիբանանի մասնաճյուղի, Լիբանանի Օգնության Խաչ կազմակերպության, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Լիբանանի մասնաճյուղի ղեկավարության հետ:

Նշենք, որ այս օրերին Հրանուշ Հակոբյանը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Սիրիայում Հրանուշ Հակոբյանը կհանդիպի Դամասկոսի, Հալեպի եւ Դեյր Զորի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: