Հայաստանի իշխող կոալիցիայի ներսում ստատուս-քվոն փոփոխելու ձգտում է ի հայտ եկել,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքով, ստատուս-քվոն որոշել է խախտել կոալիցիայի քոչարյանամետ թեւը, որն իր հեռուն գնացող նկրտումների իրականացման համար սկզբում որոշել է հասնել վարչապետի փոփոխության եւ այդ պաշտոնում նշանակել իր թեկնածուին. «Այդ նպատակով կոալիցիայի քոչարյանամետ թեւը վարչապետի եւ կառավարության դեմ օգտագործում է ֆինանսատնտեսական ճգնաժամի բոլոր բացասական հետեւանքները»,- հայտարարել է Սաֆարյանը։

Մեկնաբանելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հարցազրույցը, որում նա Հայաստանի ներկայիս իրավիճակը համեմատում է 1995-1996 թթ. իրավիճակի հետ, երբ Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո վարչակազմը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց, Ստեփան Սաֆարյանը նկատել է. «Ես համաձայն չեմ Վարդան Օսկանյանի փաստարկների հետ։ Վարդան Օսկանյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պետք է մեկընդմիշտ հիշեն, որ Հայաստանն այսօր անդունդում է հայտնվել 10 տարի նրանց կողմից իրականացված քաղաքականության պատճառով։ Նրանք են Մադրիդյան սկզբունքների հեղինակները, նրանք են առաջարկել երեք հիմնական սկզբունքները, որոնք ավելի ուշ միացվեցին հայ-թուրքական արձանագրություններին, իսկ ներկայիս իշխանությունները միայն շարունակում են նրանց կողմից սկսված քաղաքականությունը»: