Եթե նախկինում Արեւմուտքի քաղաքական շրջանակներում ծիծաղում էին միայն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վրա, ապա հիմա ծիծաղում են ողջ Վրաստանի վրա։ «GHN» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է «Դեմոկրատական շարժում — Միացյալ Վրաստան» կուսակցության նախագահ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն։
«Վրացիները սիրում են առաջինը լինել, եւ դա մի կողմից լավ է, սակայն այս անգամ համաշխարհային մասշտաբով մենք առաջինն ենք սուտ խոսելու հարցում, եւ այդ մասին գրում է այնպիսի հեղինակավոր պարբերական, ինչպիսին է անգլիական „Թայմսը“ ։ Երկիրը փրկելու համար պետք է նստել եւ քննարկել ճգնաժամից դուրս գալու հարցը»,-հայտարարել է Բուրջանաձեն։
Նա անդրադարձել է արեւմտյան երկրների՝ Սահակաշվիլի մահվան եւ երկիր ռուսական զորքերի ներխուժման մասին «Իմեդի» հեռուստաընկերությունով եթեր հեռարձակված կեղծ տեսանյութի արձագանքներին եւ նշել, որ եթե նախկինում Արեւմուտքում ծիծաղում էին միայն Սահակաշվիլի վրա, ապա հիմա ողջ երկրի վրա են ծիծաղում։
«Բոլորը ծիծաղում են մեզ վրա, քանի որ նրանք չեն կարող հասկանալ, թե մենք ինչպես կարող ենք հանդուրժել այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում»,-հայտարարել է ընդդիմության առաջնորդը։



























