Մորդովայի գաղութում երկամյա պատիժը կրող Pussy Riot փանք խմբի երգչուհի Նադեժդա Տոլոկոննիկովան հացադուլ է հայտարարել, երբ 14-րդ ուղղիչ  գաղութի պետի տեղակալ Յուրի Կուպրիյանովը նրան սպառնացել է սպանել:

ՔԿ-ին ուղղած Տոլոկոննիկովայի հայտարարության մեջ ասվում է, որ Կուպրիյանովն իրեն ասել է. «Դու հաստատ  էլ էեզ վատ չես զգա, քանի որ այն կյանքում վատ չի լինում»: Ըստ Տոլոկոննիկովայի` բացի դրանից,  իրեն «սպառնացել էին նաեւ մի շարք դատապարտյալներ, որոնք մատնանշում էին, որ իրենք  ինձ հետ ֆիզիկական հաշվեհարդարի թույլտվություն ունեն ղեկավարության կողմից»:

Տոլոկոննիկովայի հացադուլը կապված է նաեւ գաղութում բազմաթիվ խախտումների հետ. Կար անող կանանց աշխատանքային օրը 16-17 ժամ է (գաղութում ոստիկանների համազգեստ են կարում): Նորմաները չհանձնելու համար դատապարտյալները տարբեր պատիժների են ենթարկվում: Այսպես, նրանց կարող են զրկել զուգարան գնալու կամ իրենց ուտելիքն ուտելու իրավունքից: Տոլոկոննիկովան նաեւ պատմել է, որ գաղութի ղեկավարությունը ոգեւորում է այլ դատապարտյալների ձեռքով մյուսներին պատժելը: Տոլոկոննիկովան պահանջել է ապահովել իր պաշտպանությունը, հայտնում է lenta.ru-ն:

Նադեժդա Տոլոկոննիկովան դատապարտվել էր երկու տարվա ազատզրկման 2012թ. օգոստոսին` Քրիստոս Փրկչի տաճարում «Աստվածամայր, վռնդիր Պուտինին » երգի համար: Երկամյա պատիժն է կրում նաեւ Pussy Riot-ի մեկ այլ մասնակցուհի Մարիա Ալյոխինան: Երրորդ դատապարտյալը Եկատերինա Սամուցեւիչն է, որը երկու տարի պայմանական ժամկետ է ստացել: