Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակներ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, որտեղ հաղորդում է ներկայացրել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թ.1, թ.2, թ.3 եւ Ապարանի ֆիզմաթ հատուկ դպրոցներում 2008 թվականի ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության կողմից իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ գրված զեկույցում տեղ գտած մի շարք իրավախախտումների մասին:
Ըստ Բախշյանի՝ Արագածոտնի մարզի Ապարանի ֆիզմաթ հատուկ եւ թիվ 1,2,3 միջնակարգ դպրոցներում արձանագրված խախտումները վերաբերում են ֆինանսական հավելագրումներին, մատենավարության (թվանշանների) կեղծիքներին, կրթության որակի ապահովմանը, տարբեր տեսակի ու չափերի կեղծիքներին, որոնցից յուրաքանչյուրը իրավախախտում է: Պատգամավորը նշել է, որ այդ բոլոր իրավախախտումների համար վերոնշյալ դպրոցների տնօրենները ՀՀ Արագածոտնի մարզպետի կողմից ստացել են ընդամենը խիստ նկատողություն:
«Խնդրում եմ նաեւ դիմումս ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ հանձնարարել համապատասխան իրավասու մարմիններին` քննության առնել վերոնշյալ փաստերը»,- ասված է Անահիտ Բախշյանի հաղորդագրության մեջ:



















