Հայաստանի ոստիկանությունը մարտի 22-ին «օպերատիվ» կերպով արձագանքել է իր հասցեին արված մեղադրանքներին՝ հատուկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար պարզաբանելով, թե ինչ է իրենից ներկայացնում վրաերթը՝ բնականաբար առանց նշելու պատգամավորի անունը:

«Մարտի 17-ի երեկոյան մայրաքաղաքի Մ. Հերացու փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարը զանգվածային լրատվության միջոցներում եւ որոշ շրջանակներում տարաբնույթ շահարկումների առիթ է տվել: Մասնավորապես, վրաերթ հասկացության շուրջ ոչ իրավասու եւ ոչ մասնագիտական մեկնաբանություններ են արվել»,- նշել են վարչության ներկայացուցիչներն ու մանրամասնել. «Վրաերթը ճանապարհատրանսպորտային պատահար է, որի դեպքում տրանսպորտային միջոցը հարվածում, դիպչում, կամ անցնում է մարդու վրայով կամ մարդն ինքն է ընդհարվում շարժվող տրանսպորտային միջոցին»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով մարտի 17-ին տեղի ունեցած վրաերթին, որին զոհ էր գնացել Արտյոմ Հայկյանը, նշել էր, թե ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը վրաերթ չի կատարել: «Իհարկե ցավալի է, որ Արտյոմ Հայկյանը զոհվել է, բայց դա վարորդի մեղքը չէ: Հայկյանն ինքն է խախտել երթեւեկության կանոնները: Երբ հետիոտնը խախտում է ճանապարհային երթեւեկության կանոններն ու հայտնվում մեքենայի տակ, սա չի կարելի „վրաերթ“ անվանել, դա „պատահար“ է»,- ասել էր Սահակյանը, իսկ դիտարկմանը, որ ոստիկանությունում այդ միջադեպը որակվել է որպես վրաերթ, Սահակյանը նկատել էր. «Դուք կարծում եք, որ ոստիկանները տերմինների մեջ լրագրողներից շա՞տ են հասկանում, հավանաբար տեղեկագիրը գրել է ինչ-որ մի կիսագրագետ կամ մեկը, ով նույն կրթությունն է ստացել, ինչ լրագրողները»:

«Ի դեպ, ՀՀ ոստիկանության պետի մամուլի քարտուղարը իրավաբան է, ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը եւ ստացել իրավագետի որակավորում»,- նշել են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ մարտի 17-ին, ժամը 20.40-ին Հերացի փողոցում 311 ՕՕ 11 համարանիշի «Շեւրոլե» մեքենան, որի ղեկին եղել է Խաչիկ Ա.-ն, վրաերթի է ենթարկել 43-ամյա Արտյոմ Հայկյանին, ով տեղում մահացել է:
Միջադեպից հետո Հակոբ Հակոբյանի «Արփա-Սեւան» ընկերությանը պատկանող մեքենայի վարորդը փախել է դեպքի վայրից: