Հայկական կողմը շահագրգռված է զարգացնելու հարաբերությունները բարեկամ երկրների հետ, եւ հատկապես կարեւորում է առեւտրատնտեսական կապերի խորացումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանում գտնվող եգիպտոսցի եւ քուվեյթցի լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ փոխվարչապետ, հայ-եգիպտական եւ հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովների համանախագահ Արմեն Գեւորգյանը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ա. Գեւորգյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հայ-եգիպտական, հայ-քուվեյթական հարաբերություններին, այդ երկրների հետ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, գործարար կապերի աշխուժացմանը։
Եգիպտոսում հայտնի իրադարձությունների պատճառով վերջին շրջանում միջկառավարական հանձնաժողովը նիստեր չի գումարել, սակայն, փոխվարչապետի խոսքով, հայկական կողմը պատրաստակամ է շարունակել աշխատանքները, երբ եգիպտական կողմը պատրաստ կլինի: Հայ-քուվեյթական հարաբերությունները վերջին շրջանում բավականին ակտիվ զարգանում են. Հայաստանում բացվել է Քուվեյթի դեսպանատունը, 2011թ. Երեւանում կայացել է հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, իսկ երկրորդ նիստի անցկացումը նախատեսվում է առաջիկայում:
Պատասխանելով երկրների հետ գործարար շփումների ակտիվացման վերաբերյալ հարցին` Ա. Գեւորգյանը նշել է, որ առեւտրային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտը ձեւավորված է: Փոխգործակցության համար նա հեռանկարային համարեց տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները, որոնք հետաքրքրություն կարող են ներկայացնել նաեւ արաբ գործընկերների համար:
Հանդիպման ավարտին փոխվարչապետը բարեկեցություն եւ խաղաղություն է մաղթել Եգիպտոսի եւ Քուվեյթի բարեկամ ժողովուրդներին:




























