Հայաստանից պանրի արտահանման ծավալները 2013 թ. զգալի ավելացել են: 2013 թ. առաջին կիսամյակում արդեն իսկ արտահանվել է մոտ 400 տոննա, ինչը 1.5 անգամ գերազանցում է 2012 թ. առաջին կիսամյակի ցուցանիշը: Սակայն հարկ է նշել, որ պանրի արտահանումը հայկական պանրագործության համար էական նշանակություն չունի: Հայաստանը տարեկան արտադրում է 16-17 հազ. տոննա պանիր, որից լավագույն դեպքում արտահանում է մոտ 5%-ը: Ավելին` մենք ավելի շատ պանիր ներկրում ենք, քան արտահանում ենք:

Ավելի վաղ հաղորդել ենք, որ ԱՄՆ-ը արգելել է հայկական «ԱՄՄ» ընկերության պանրի վաճառքը ամերիկյան շուկայում: Հարկ է նշել, որ ամերիկյան շուկան հայկական պանրի համար կարեւորներից է, Ռուսաստանից հետո երկրորդ է ծավալով: 2012 թ. առաջին կիսամյակում հաջողվել էր ԱՄՆ արտահանել 18 տոննա պանիր, իսկ 2013 թ.` ընդամենը 1.5 տոննա: Այսինքն` 1 տարվա ընթացքում պանրի արտահանումը ԱՄՆ կրճատվել է 12 անգամ, որը հավաբանար հետեւանք է արգելքների կիրառման:

Այս պարագայում Ռուսաստանը մնում է հայկական պանրի իրացման հիմնական շուկան: 2013 թ. Ռուսաստան է առաքվել 396 տոննա պանիր, կամ արտահանված պանրի 98%-ը: 2012 թ. Ռուսաստանի մասնաբաժինը մոտ 90% էր` շնորհիվ ԱՄՆ արտահանումների:

Հարկ է նշել, որ հայկական պանիրն արտահանվում է միջինը կգ-ը 2.6 դոլար (1080 դրամ) մաքսային արժեքով: ԱՄՆ արտահանումները շահավետ են այն պատճառով, որ կգ-ի մաքսային արժեքը 6 դոլարի սահմաններում է: Սրանով էլ պայմանավորված է հայկական ընկերությունների ձգտումը` տեղ գրավել ամերիկյան շուկայում, չնայած հսկողության հետ կապված զգալի ռիսկերին:

Հայկական պանրի ոչ մեծ խմբաքանակներ արտահանվում են նաեւ Վրաստան ու Արաբական Միացյալ Էմիրություններ: Այլ երկրներում հայկական պանիրը գործնականում հայտնի չէ:

Պատրաստեց` Սամվել Ավագյանը