Ռուսաստանի ԱԳՆ-ն սադրիչ է որակել Վրաստանի գործողությունները, որը «բողոքի ակցիաներ է կազմակերպում Հարավային Օսիայի պետական սահմանի ամրացման հետ կապված»:

Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ «Վրաստանի սադրիչ գործողություններն անընդունելի են եւ սպառնում են տարածաշրջանային կայունությանը»:

Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը ուշադրություն է հրավիրել «Հարավային Օսիայի հետ սահմանի շրջանում Թբիլիսիի սադրիչ ակտիվության ուժեղացման վրա»:

«Դիտավորյալ էմոցիաների լարումը, այդ թեմայի շուրջ քաղաքական շահարկումները, անթույլատրելի են»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ Վրաստանի կառավարության անունից վրդովմունք էր հայտնել Հարավային Օսիայի հետ սահմանին՝ Գորիի Դիցի գյուղի մոտ, արգելապատնեշներ տեղադրելու առթիվ:

Նշենք, որ սահմանին լարված իրավիճակ ստեղծվել է սեպտեմբերի 17-ից, երբ վրացական Դիցի գյուղի բնակիչները փորձել են խանգարել սահմանազատող պատնեշների տեղադրման աշխատանքները: Նմանատիպ եւս մեկ ակցիա, ըստ Հարավային Օսիայի ԿԳԲ-ի, տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը՝ Մուգուտ բնակավայրի մոտ:

Վրաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու մեջ՝ նշելով, որ այդ արգելապատնեշները խանգարում են ժողովուրդների հարաբերություններին: