NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Տավուշի մարզում գործարար Կամո Ղալթաղչյանի դեմ մահափորձի վերաբերյալ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  նա Ռուսաստանում բիզնես գործունեությամբ է զբաղվում շինարարության ոլորտում, այսպես ասած՝ «բրիգադներ ունի»։ Պարբերաբար գնում-գալիս է Հայաստան, վերջին անգամ ՌԴ գնալուց տարել էր նաեւ որդուն։ Դուստրը ամուսնացած է, իսկ գործարարի որդին 2008թ նախագահական ընտրությունների օրը Աչաջուրի 27-ամյա բնակիչ, համայնքի ավագանու անդամ Դավիթ Վարդումյանին սպանելու համար դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, 4,5 տարի է՝ կրում է պատիժը։ Աչաջուրում ապրում են գործարարի կինն եւ ծնողները։

Գործարարի համագյուղացիները մեզ պատմեցին, որ նա եկել է Հայաստան եւ ցանկանում է առաջադրել թեկնածությունը նոյեմբերի 17-ին Աչաջուրում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա նույնիսկ դիմում է գրել եւ ցանկանում է անդամակցել Հանրապետական կուսակցությանը, ի դեպ, այժմ գործող գյուղապետ Համո Գեւորգյանը եւս ՀՀԿ-ական է։

Գործով քննիչ Արշակ Ղազարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առայժմ կասկածյալներ չկան, հարցաքննել են մի շարք վկաներ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Գործարարը ոստիկաններին ասել է, որ թշնամիներ չունի, որեւէ մեկի հետ չի կապում սպանության փորձը եւ ոչ մեկին չի կասկածում։ Նա նաեւ ասել է, որ դեպքի օրը որեւէ տարօրինակ բան չի նկատել, ոչ ոք իրեն չի հետեւել, սպառնալիքներ չեն հնչել, իսկ մեքենայում եղել է ընկերոջ հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 09։30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, պայթյունի հետեւանքով, մի ավտոմեքենայի առջեւի աջ անիվը վնասվել Է։

Մեկնած  օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ պարզել է, որ անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանություն կատարելու դիտավորությամբ, դեռեւս չճշտված եւ ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքեր է նախապես տեղադրել Աչաջուր գյուղի բնակիչ Կամո  Ղ.-ի անձնական օգտագործման «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի տակ, եւ երբ վերջինս ու իր ընկեր Հայկ Վ.-ն ժամը 09:10 սահմաններում ավտոմեքենայով երթեւեկել են Աչաջուրի գյուղամեջ, տնից անցնելով շուրջ 150 մ ճանապարհ՝ պայթուցիկ սարքերը գործել են, սակայն հանցավորի կամքից անկախ պատճառներով Կամո  Ղ.-ն եւ Հայկ Վ.-ն կյանքից չեն զրկվել, իսկ պայթյունի հետեւանքով վնասվել է մեքենայի աջ անիվը  եւ շրջակա հատվածը:

Անհայտ անձի կողմից Կամո  Ղ.-ին եւ Հայկ Վ.-ին սպանելու փորձի եւ ապօրինի կերպով պայթուցիկ սարք պահելու փաստի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի  34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցվել է  քրեական գործ, կատարվել է դեպքի վայրի զննություն, եւ որոշում է կայացվել դատահետքաբանական, դատաձգաբանական, պայթյունատեխնիկական, դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է