Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Սիրիա է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, այսօր երկու երկրների նախագահները առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկոսության առկա մակարդակը:
Սերժ Սարգսյանն ու Բաշար ալ-Ասադը անդրադարձել են Սիրիայի նախագահի` Երևան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքին, կարևորել գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկու բարեկամ երկրների միջև առևտրատնտեսական գործակցության ծավալը:
Բանակցությունների ավարտից հետո Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ, պատասխանել լրագրողների հարցերին:
Պաշտոնական այցելության առաջին օրվա ավարտին նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը Դամասկոսի օպերայի թատրոնում ներկա կգտնվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացմանը: Սիրիայի նախագահի կողմից` ի պատիվ Սերժ և Ռիտա Սարգսյանների, ուշ երեկոյան կտրվի պաշոնական ընթրիք:


























