Տավուշի մարզի Աչաջուր գյուղում մահափորձի ենթարկված գործարար Կամո Ղալթաղչյանը առաջիկա օրերին նորից մեկնելու է Ռուսաստան, վերադառնալու է մինչեւ հոկտեմբերի 10-ը եւ մտադիր է իր թեկնածությունը առաջադրել Աչաջուրի գյուղապետի ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կամո Ղալթաղչյանը:

«Եկել եմ հայրենիքս, կարոտել եմ իմ լավ բնությունը, իմ կնոջը, 90 տարեկան հեր ունեմ, կինս նստած հայկական լավ տրադիցիայով հորս պահում ա, եկել եմ, որ ստեղ ուրախանամ, եկել եմ ստեղ սյուրպրիզ եմ ստացել: Նարյադի տրաքոց էր, դուրս չեմ թռել մեքենայից, կապոտը հանգիստ բացել եմ, որ ծուխը տվել է մեջը, մտածել եմ՝ պաժառ կընկնի, ընկերոջս ասել եմ՝ Հայկ ջան, դու իջիր: Ծիծաղելով ասել եմ՝ Հայկ ջան, էս երեք տառանիները ուզում էին մեզ տրաքցնեն, դե իրենց ուրիշ արժանիք չունեն, որ ուրիշ ձեւ անվանես: Իմ բախտը բերել է, որ երեք «վզրիվ» չի կայացել»,- պատմեց նա:   

Գործարարը նշեց, որ դեպքի օրը որեւէ տարօրինակ բան չի նկատել, որեւէ սպառնալիք չի եղել, ոչ մեկ իրեն չի հետեւել: Նա կասկածներ ունի, որ իր նկատմամբ մահափորձ կատարողները հենց գյուղից են եղել. բայց քանի որ ոչինչ հստակ չգիտի, ուտսի՝ անուններ չի ասի: «Ես թշնամիներ չունեմ, ես մարդկերանց թշնամի չեմ համարում, բայց մարդիկ կան, որ ինձ թշնամի համարել են, դաժե Դիլիջանի դատարանում կանգնել եւ ասել են, որ էս մարդիկ իմ թշնամին են»,- ասաց Կամո Ղալթաղչյանը:

Նա նշեց, որ չի հետաքրքրվում քննության ընթացքով, հույս ունի, որ իրավապահները կգտնեն հանցագործին: «Մեր օրենքը դրա հետ ինչ-որ ուժը կպատի, իր գործերը կանի, մենք էլ մեր ձեւով մեր թշնամուն կգտնենք: Մենք էդքան միամիտ չենք, մեր ընկերներն ունենք, մեր թիկնապահներն ունենք, մենք ոչ թե գործ ունենք տղամարդկերանց հետ, սա տղամարդու արած չի, դաժե կնգա արած չի, սա «մուսռի» արած ա, ամենաստոր մարդու արած է»,- նշեց նա:

Գործարարն ասաց, որ այժմ  աշխատանքի բերումով գնում է Ռուսաստան. 50 աշխատող ունի, « 50 ընտանիք եմ պահում»: Այս անգամ կրտսեր որդուն հետը չի տանում, նա ուսանող է: Ինչ վերաբերում է 2008թ նախագահական ընտրություններին Աչաջուրում տեղի ունեցած սպանության համար ազատազրկված նրա որդուն, ապա Կամո Ղալթաղչյանը շեշտեց, որ որդուն անարդարացի են ազատազրկել, քանի որ ինքը դիտավորյալ սպանելու նպատակ չի ունեցել, այլ ընդամնեը պաշտպանվել է իրեն դանակով վնասողից, այլապես եթե նպատակ ունենար սպանել, հեշտությամբ դա կաներ, որովհետեւ մարզիկ է,  դիպուկահար է ծառայել: 

Գործարարն արդեն ՀՀԿ-ական է, եւ կառաջադրի իր թեկնածությունը նոյեմբերի 17-ին կայանալիք Աչաջուրի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին, քանի որ դա գյուղացիների մեծամասնության ցանկությունն է: Դիտարկմանը, թե հնարավոր է՝ մահափորձը կապված է թեկնածությունը առաջադրելու հետ, Կամո Ղալթաղչյանը նշեց, որ չի կարող ոչինչ ասել, որովհետեւ ոչինչ չգիտի:

Նա նշեց, որ չի պատրաստվում ընտրակաշառք բաժանելու, «թող ժողովուրդը իր ընտրությունը անի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 09։30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, պայթյունի հետեւանքով, մի ավտոմեքենայի առջեւի աջ անիվը վնասվել Է։

Մեկնած  օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ պարզել է, որ անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանություն կատարելու դիտավորությամբ, դեռեւս չճշտված եւ ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքեր է նախապես տեղադրել Աչաջուր գյուղի բնակիչ Կամո  Ղ.-ի անձնական օգտագործման «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի տակ, եւ երբ վերջինս ու իր ընկեր Հայկ Վ.-ն ժամը 09:10 սահմաններում ավտոմեքենայով երթեւեկել են Աչաջուրի գյուղամեջ, տնից անցնելով շուրջ 150 մ ճանապարհ՝ պայթուցիկ սարքերը գործել են, սակայն հանցավորի կամքից անկախ պատճառներով Կամո  Ղ.-ն եւ Հայկ Վ.-ն կյանքից չեն զրկվել, իսկ պայթյունի հետեւանքով վնասվել է մեքենայի աջ անիվը  եւ շրջակա հատվածը:

Անհայտ անձի կողմից Կամո  Ղ.-ին եւ Հայկ Վ.-ին սպանելու փորձի եւ ապօրինի կերպով պայթուցիկ սարք պահելու փաստի առթիվ ՀՀ քրեական  օրենսգրքի  34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցվել է  քրեական գործ, կատարվել է դեպքի վայրի զննություն, եւ որոշում է կայացվել դատահետքաբանական, դատաձգաբանական, պայթյունատեխնիկական, դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է: