Մի խումբ պահնորդներ նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ խնդրելով վերանայել պահնորդների լիցենզիա ստանալու կարգը:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մենք՝ պահնորդներս, հայտնվել ենք անելանելի վիճակում: Բոլորս տարիներ շարունակ աշխատում ենք պահնորդական կազմակերպությունում եւ 2012թ. ընդունված պահնորդական օրենքի համաձայն, մենք բոլորս ստացել ենք մասնագիտական կրթություն եւ հանձնել ենք քննություն ուսումնական հաստատությունում: Օրենքի համաձայն, բոլորս պետք է նաեւ քննություն հանձնենք ոստիկանությունում, որպեսզի իրավունք ունենանք աշխատել որպես պահնորդ: Ս.թ. սեպտեմբերի 13-ին, մենք չկարողացանք հանձնել քննությունը ոստիկանությունում, թեեւ հիմնականում պատասխանել ենք տրված հարցերին եւ ունենք երկար տարիների փորձ, ինչի արդյունքում փաստացի առնվազն երկու ամիս իրավունք չենք ունենալու աշխատել: Այդ աշխատանքը շատ կարեւոր է մեզ համար, նրա օգնությամբ մենք պահել ենք մեր ընտանիքները, հոգացել մեր կարիքները, իսկ հիմա ինչպես ենք ապրելու: Փաստորեն ոստիկանությունը արհեստական ճանապարհով փորձում է աշխատատեղեր կրճատել եւ հազարավոր մարդկանց թողել առանց աշխատանքի: Մենք չենք ուզում լքել մեր երկիրը, ինչու են մեզ հարկադրում աշխատանք փնտրել օտար երկրում:
Խնդրում ենք Ձեզ, օգնել մեզ եւ վերանայել պահնորդների լիցենզիա ստանալու կարգը, հնարավորության դեպքում լիցենզավորված ուսումնական հաստատություններում ստացած վկայականները համարել բավարար աշխատելու համար, դրանով Դուք կօգնեք մեզ չկորցնել մեր աշխատանքը եւ հոգալ մեր ընտանիքների կարիքները»:
Նամակը ստորագրել են՝
Խաչատրյան Զոհրաբ, 41 տարեկան, 13 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,
Մադաթյան Տիգրան, 45 տարեկան, 4 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,
Մանուկյան Լեւոն, 33 տարեկան, 5 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,
Պետրոսյան Արման, 23 տարեկան, 3 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,
Գեւորգյան Սամվել, 43 տարեկան, 7 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,
Գրիգորյան Անդրանիկ, 24 տարեկան, 3 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,
Ադամյան Արտուշ, 29 տարեկան, 2 տարվա պահնորդական աշխատանքային փորձ,
Խաչատրյան Դավիթ, 24 տարեկան, 3 տարվա պահնորդական աշխատանքային փորձ:





























