ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, քննարկվել է երկրորդ ընթերցման ներկայացված «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ դրա հետ կապված 14 օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ ներկայացվել է 101 առաջարկ, որոնցից 89-ը ընդունվել են ամբողջությամբ, 4-ը՝ մասնակիորեն, 3-ի վերաբերյալ ներկայացվել է պարզաբանում, իսկ 5-ը մերժվել է: Փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթի են:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրել է, որ մի շարք հոդվածներ հիմնականում առնչություն չունեին փողերի լվացման եւ ահաբեկչության հետ, ուստի կառավարությունը իրավացիորեն որոշել է հանել դրանք: Նրա գնահատմամբ՝ կատարված փոփոխություններով հիմնականում փարատվել են մտահոգությունները, բայց դեռեւս կան խնդրահարույց մի քանի հարցեր. Կորյուն Նահապետյանը մասնավորապես առաջարկել է օրենսդրական տեխնիկայի առումով ամբողջացնել եւ հստակեցնել «ահաբեկչություն» հասկացության ձեւակերպումը եւ թվարկել դրա բոլոր դրսեւորումները, իսկ քանի որ շահումով խաղերի եւ խաղատների գովազդի արգելանք է նախատեսված, նա առաջարկել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ամրագրել նաեւ համապատասխան վարչական տույժերը:
Հանձնաժողովի նախագահի տեսակետները ընդունելին էին նաեւ հանձնաժողովի անդամների համար:
Եզրափակիչ ելույթում Արթուր Ջավադյանը, ընդունելով դիտողություններն ու առաջարկները, հավաստիացրել է, որ առաջիկա երեք օրերի ընթացքում աշխատանքային կարգով դրանք կքննարկվեն ու կներառվեն օրինագծերի փաթեթում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ինչպես երկրորդ ընթերցման ներկայացված ամբողջ փաթեթի, այնպես էլ առաջին ընթերցման ներկայացված այն հոդվածների վերաբերյալ, որոնք նախագծերից հանվել կամ նոր էին ներառվել:
Հանձնաժողովի նիստում քննարկվել են նաեւ հանձնաժողովի գործունեությանը, մասնավորապես աշնանային նստաշրջանում խորհրդարանական լսումների թեմաներին, անցկացման ժամկետներին, հանձնաժողովի՝ ուժային տարբեր կառույցներ կատարվելիք այցերին առնչվող հարցեր:





























