Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 24-ին, քաղաքագիտության դոկտոր Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի եւ Վարուժան Սավդալյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստին դատարան ներկայացած վկաներից հարցաքննվեցին երեքը: Այս մասին հաղորդում է Aravot.am-ը: 

Վկաները բժիշկներ էին, որոնցից մեկը փորձագետ էր, որը նախաքննության ժամանակ պարզաբանում էր տվել այս գործով տուժող Ռոբերտ Ավետյանի դեմ օգտագործվելիք «ազալեպտին» հոգեմետ դեղահաբի վերաբերյալ: Վկաներից մեկն էլ Ավանի հոգեբուժարանի բժիշկն էր: Ըստ մեղադրական եզրակացության, որը հրապարակեց դատախազ Արամ Ամիրզադյանը, Վարուժան Սավդալյանը իր ուղեւորին, որը հաշվառված էր հոգեբուժարանում,  տանելով Ավանի հոգեբուժարան, նրանից էր խնդրել ձեռք բերել երեք դեղահաբ, այնուհետեւ նույնքան պատվիրել էր: Վկաներից մեկն էլ Արկադի Վարդանյանին բուժող բժիշկն էր, որից հեռախոսով Վարդանյանը հարցրել էր տվյալ դեղահաբի մասին:

Հիշեցնենք, որ վկայակոչելով ԱԱԾ մամուլի կենտրոնին, Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել էին Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար: Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: