Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի  վերաֆինանսավորման տոկոսադրույքը կմնա 8.5%:  Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին որոշում է ընդունել ՀՀ ԿԲ խորհուրդը; Հիշեցնենք, որ անցյալ ամիս ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր միանգամից 0.5 կետով, փորձելով այդ կերպ պայքարել գնաճի դեմ, սակայն գնաճի տեմպը շարունակել է արագանալ՝ հասնելով 9.3%-ի: Բարեբախտաբար՝ ԿԲ-ն այս անգամ ձեռնպահ է մնացել տոկոսադրույքը կրկին բարձրացնելուց:

ԿԲ խորհուրդն այն կարծիքին է, որ մոտակա ամիսներին գնաճը նվազելու է՝ մոտենալով գնաճի կանխատեսվող հետագծին: Գնաճի աստիճանական նվազման եւ ներքին պահանջարկի ցածր մակարդակի պահպանման դեպքում ԿԲ-ն խոստանում է թուլացնել դրամավարկային պայմանները:

Առաջիկայում արտաքին միջավայրից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում: Իսկ ներքին տնտեսության զարգացումները բնութագրվել են ներքին պահանջարկի թուլացմամբ՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ եւ մասնավոր ներդրումների ծավալների կրճատմամբ: Ի լրումն դրան, իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպողական ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա: