Ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ծառայողները սեպտեմբերի 25-ին, ժամը 02.05-ին, Պուշկինի փողոցում նկատել են «Մերսեդես-Բենց Ե 124» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում գտնվող երիտասարդների պահվածքը կասկածելի է թվացել: Երբ մոտեցել են ավտոմեքենային, նրանցից մեկը դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողները ավտոմեքենայի նստելատեղին նկատել են ներարկիչներ, գաղտնի փականով 2 դանակ,1 տուփ դեղամիջոց, «Միդրացիլ» տեսակի 2 տուփ դեղամիջոց, բջջային հեռախոս եւ փայտե մահակ:

Ավտոմեքենայի սրահում գտնվող երկու երիտասարդներին թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ բերման ենթարկվածներն են՝ ավտոմեքենայի վարորդը` 1980 թ. ծնված Սերգեյ Հ.-ն եւ 1975 թ. ծնված Ռաֆայել Ա.-ն:

Նշանակվել են դատաքրեագիտական, դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմածի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: