Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախի հանրային հեռուստատեսության կողմից կուսակցության գործունեության լուսաբանման անտեսման նկատմամբ:

«Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի

տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հանրային հեռուստատեսությունը, պատշաճ իրազեկված լինելով 24.02.2013թ. կայացած կուսակցության հիմնադիր համագումարի, 23.09.2013թ. կայացած կուսակցության պաշտոնաթերթի շնորհանդեսի մասին, չի լուսաբանել այս իրադարձությունները, ինչպես նաեւ չի հաղորդել կուսակցության գրանցման մասին լուրը: Վերը նշված բոլոր իրադարձություններն իրենց բնույթով եզակի են կուսակցության կյանքում: Արցախի հանրային հեռուստատեսությունը խախտել է բազմակարծություն ապահովելու իր գործառույթը՝ անտեսել ընդդիմադիր կուսակցության գործունեության լուսաբանումը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հակված չի կարծելու, որ ընդդիմադիր քաղաքական ուժին անտեսելու Հանրային հեռուստատեսության գործելակերպը թելադրված է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ցանկությամբ, չնայած վերջինիս կողմից քաղաքական ազատությունների սահմանափակման եւ քաղաքական այլընտրանքը բացառելու հակվածությանը, ինչը ժամանակին բերել է Արցախի միջազգային վարկի վնասմանը: Մենք հակված ենք կարծելու, որ հեռուստատեսության ղեկավարությունը որդեգրել է ինքնագրաքննության արատավոր պրակտիկա: Կուսակցությունը դատապարտում է Արցախի հանրային հեռուստատեսության նման վարքագիծը, հիշեցնում, որ հեռուստատեսությունը ֆինանսավորվում է հանրության կողմից եւ պարտավոր է իր եթերում ապահովել բազմակարծություն եւ ղեկավարվել ժողովրդավարության եւ անկողմնակալության սկզբունքներով»,- ասվում է հայտարարության մեջ: