Կովկասը Եվրոպայի եւ Ասիայի կապող օղակն է, դա շատ կարեւոր է անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Վրաստանում Իսրայելի դեսպան Յուվալ Ֆուկսը՝ պատասխանելով «Սվոբոդնայ Գրուզիա» պարբերականի թղթակցի հարցին:

Այն հարցին, թե որոնք են Իսրայելի համար Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում համագործակցության առաջնայնությունները, Յուվալ Ֆուկսը պատասխանել է. «Ամեն ինչ շատ պարզ է: Կովկասը մոտ է Իսրայելին, դա կապող օղակ է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, որը շատ կարեւոր է անվտանգության համար: Նավթի մեծ մասը մենք ստանում ենք «Թբիլիսի-Բաքու-Ջեյհան» նավթատարից: Բացի այդ, Կովկասը մոտ է Մերձավոր Արեւելքին, իսկ այնտեղ հիմա խնդիրներ կան: Իրանը ինչպես մեզ, այնպես էլ ամբողջ աշխարհի համար մեծ գլխացավանք է»:

Դեսպանը հիշեցրել է, որ Կովկասում մնում են մի քանի չլուծված հարցեր եւ դրանք կարեւոր են տարածաշրջանային անվտանգության համար: «Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղն է, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները: Եվ չմոռանանք, որ Վրաստանի մի մասն այժմ օկուպացված է: Մենք չենք ճանաչում Աբխազիայի եւ Օսեթիայի անկախությունը եւ աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Հարկ է նաեւ նշել, որ տարածաշրջանային համատեքստում Վրաստանն ամենակարեւոր երկիրն է, քանի որ ելք ունի դեպի ծով: Այն ելք է ապահովում թե դեպի Կովկաս, թե ելք Կովկասից: Եթե ասյտեղ անկայուն լինի, ապրանքներն ու էներգիան չեն կարողանա դուրս գալ տարածաշրջանից եւ մտնել տարածաշրջան: Աս առումով Վրաստանն ամենանշանակալի երկրներից է, չնայած փոքր չափսերին: Վրաստանը տեղադրված է այնտեղ, որտեղ համախմբված են գլոբալ խաղացողների շահերը: Հենց այդ պատճառով է ԱՄՆ-ն մեծ հետաքրքրություն ցուցաբերում ձեր հանդեպ: Վրաստանին նայելով մենք մտածում ենք ոչ միայն մշակույթի եւ տնտեսության մասին, մենք ռազմավարական շահերով ենք առաջնորդվում»,-ընդգծել է դեսպանը: