«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հավանում է վերանորոգված «Ծածկած շուկան», բայց դեմ է, որ այն ծառայի որպես սուպերմարկետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անի Զախարյանը:
«Երբ փակ շուկան վատ վիճակում էր, կռիսանոց էր, ո՞ւր էին նախաձեռնողները, որ բարձրաձայնեին եւ ասեին, որ այն պետք է վերականգնվի եւ ստանա ուրույն տեսքը: Հստակ, գեղեցիկ վերանորոգված է, բավականին հետաքրքիր մոնումենտալ լուծումներ է տրված, կան փաստեր, որ դա ծառայելու է փակ շուկա, պահպանված է արտաքին տեսքը»,- ասաց Անի Զախարյանը:
Նա նշեց, որ «Ծածկած շուկայի» տիրոջը առաջարկում է, որ այնտեղ հատված լինի եւ դա տրամադրվի խեցեգործությանը, փայտաշինությանը, ոսկերչությանը: Անի Զախարյանը գիտի, թե ով է այդտեղի սեփականատերը, նրան անձամբ չի ասել առաջարկները, դա անում է լրատվամիջոցների միջոցով:
Նա կողմնակից է, որ «Ծածկած շուկան» շահագործման հանձնվի ժամանակակից տեսքով, ժամանակակից լուծումներով, նաեւ շեշտում է, որ դա ծառայելու է որպես աշխատատեղ շատերի համար, «գեղագիտական ճաշակ կա, ձեւ կա, չափ կա»:
Անի Զախարյանը իր դժգոհությունը հայտնեց «Նախախորհրդարանից» եւ ակտիվիստներից: Նա ենթադրում է, որ նրանք ուղղորդված են: Մասնավորապես, նրա կարծիքով, օրինակ՝ Կարո Եղնուկյանին դրսից հովանավորում են, որ գա այստեղ ուշադրությունը շեղի:
Նա մի քանի մանրամասներ ներկայացրեց Կարո Եղնուկյանի կենսագրությունից՝ հիշեցնելով, որ նա Հայրիկյանի ընկերն էր նախագահական ընտրություններին, հետո նրան տեսնում ենք «Նախախորհրդարանի» կողքին: Նա հիշեցրեց, որ Կարո Եղնուկյանը բուլղարահայ է, 1971թ նրա ընտանիքը տեղափոխվել է Բաքու, եւ «հայասեր այդ ընտանիքը բավականին երկար ժամանակ գործունեություն է ծավալել եւ ապրում է Բաքվում»: Իսկ դրանից հետո, Անի Զախարյանի փոխանցմամբ, Եղնուկյանների ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, բիզնես հիմներ եւ հոր ժառանգությունը վերցնելուց հետո վերադարձել Հայաստան: Նա շեշտեց, որ հենց իրենց
«Մշակույթ» հ/կ-ն էր տարիներ շարունակ զբաղվում մշակույթային արժեքների պաշտպանությամբ, Մշակույթի նախարարության հետ այցելում տարբեր հուշարձաններ, բարեկարգում, եւ այսօր, ինչ օր ունեն, նաեւ իր աշխատանքի արդյունքն է:





























