Վրացի ժողովրդի ընտրությունը եվրաինտեգրումն է, ոչ մի դեպքում պետք չէ սեւեռվել այլ երկրների եւ կազմակերպությունների վրա, Նյու Յորքում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ մեկնաբանելով Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի վերջին հայտարարությունը:

«Գռուզիա Online»-ի փոխանցմամբ՝ Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ ԵՄ-ն կպայքարի Ուկրաինայի եւ Մոլդովայի համար: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, դրա նոր իշխանությունը  հետաքրքրված է ինչպես Եվրամիությամբ, այնպես էլ Եվրասիական միությամբ:

«ԵՄ նախագահի հայտարարությունը մտահոգիչ է: Չգիտեմ ինչ է խոսել վարչապետը Դալյա Գրիբաուսկայտեի հետ, բայց մենք մեր կողմից բացատրում ենք, որ մի բան է այն, թե ինչ է ասում վարչապետը, այլ բան է վրացի ժողովրդի կամքը: Վրացի ժողովրդի կամքը եվրաինտեգրումն է: Ոչ մի դեպքում պետք չէ կենտրոնանալ այլ երկրի վրա, քանի որ վրացիները ուկրաինացիներից ու մոլդովացիներից պակաս չեն ցանկանում ինտեգրվել Եվրոպային», - հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին: