Հայաստանի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, պատգամավոր Հրանտ Բագրատյանը ներկայացրել է իր հեղինակած «2013 - 2017 թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում էր բարձրացնել գիտության բնագավառի ծախսերը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատգամավորն առաջարկում էր գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի համար սահմանել 2011 թվականի ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով եւ առաջիկա տարիներին շարունակել ծախսերի բարձրացման գործընթացը:
ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել է կառավարության բացասական դիրքորոշումը: Նրա խոսքով՝ գիտության բնագավառի ծախսը պետք է լինի ՀՆԱ-ի 1% -ից ոչ պակաս: Նա կարեւորել է նաեւ կրթության նոր մոդելների իրագործումը, գիտական մեգածրագրերի իրականացումը:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի առաջարկով հետ է վերցրել հանձնաժողովին ուղղված գրությունը ` ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակներում համատեղ քննարկելու համար:





























