ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անթույլատրելի է համարել Կոսովոյի եւ Աբխազիայի խնդիրների միջեւ զուգահեռների անցկացումը: Այս մասին նա նշել է ռուսական «Առաջին ալիքի» լրագրող Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցում:
«Մեր տեսանկյունից, Կոսովոյում եւ Աբխազիայում իրավիճակները տարբերվում են: Հարավսլավիայի փլուզման հենց սկզբից Կոսովոն ցանկացել է անկախություն ձեռք բերել, քանի որ նրանք համարել են, որ Կոսովոն բռնի է մտցվել Հարավսլավիայի կազմ: Ավելին, լարվածությունը Հարավսլավիայում վերածվել է սերբերի կողմից Կոսովոյի բնակչության դեմ իրականացվող էթնիկ զտումների:
Միաժամանակ, Վրաստանը ավելի միասնական երկիր էր, չնայած բնակեցված է տարբեր խմբերով: Բայց այնտեղ չի եղել նմանատիպ հակասություններ: Մեր կարծիքով, բոլոր այդ խմբերը պետք է մնան միասին: Հասկանալի է, որ Ռուսաստանի տեսակետն այս հարցում տարբերվում է մերից, բայց մենք վստահ ենք, որ Վրաստանի ամբողջականությունը բխում է բոլոր կողմերի շահերից: Մենք շատ ենք ցավում Վրաստատուն ստեղված իրավիճակի համար»,- նշել է Քլինթոնը:
Հատկանշական է, որ Կոսովոյի խնդրի վերաբերյալ Քլինթոնի նկարագրությունը ամբողջությամբ համընկնում է Ղարաբաղի խնդրի հետ: Ղարաբաղը եւս բռնի է միացվել Ադրբեջանին, ԽՍՀՄ փլուզումից դեռ ամիսներ առաջ Ղարաբաղը ցանկացել է առանձնանալ Ադրբեջանից եւ այլն: Սակայն Միացյալ Նահանգները ղարաբաղյան հարցում եւս փորձում է Կոսովոյի հետ զուգահեռներ չտանել, ինչը բացահայտ կրկնակի ստանդարտների կիրառում է եւ զուրկ որեւէ միջազգային ու իրավական տարրական հիմնավորումից։



















