Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հետ կատարվածը քաղաքական հետապնդում է։ Այս մասին այսօր՝ սեպետեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Նա նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալումն իրենց համար  զարմանալի չէ, քանի որ «անձինք, որոնք ռեժիմի վերահսկողությունից դուրս են, սկսում են վախեցնել, կաշառել, բարձրացնում կաշառքի չափը, եթե դա չի աշխատում, կամ ֆիզիկապես են պատժում, ծեծում կամ կալանավորում»։

«Ես համոզված եմ, որ Վոլոդյայի նկատմամբ կատարվածը քաղաքական հալածանք է: Մանրամասն տեղյակ եմ եղել նրա գործունեությանը, նրա առաջին հրապարակային ելույթը եղել է մայիսի 9-ին՝ Գյումրիում, մեր հանրահավաք ժամանակ: Նրան ճանաչել եմ 90-ականներից՝ Մարտակերտի դաժան օրերից, Վոլոդյան ամենապինդ երիտասարդներից է։ Եթե շարունակվի հալածանքը Վոլոդյայի նկատմամբ, ես անուններ էլ կտամ, թե ովքեր են եկել իր մոտ, ինչպիսի հանդիպումներ են ունեցել, ինչ կաշառք են առաջարկել։ Կարող եմ ասել՝ ամենաբարձր մակարդակով, մինչեւ Բաղրամյան 26։  Նա սոցիալական դրոշակ էր բարձրացրել, բայց գիտեր նաեւ, որ քաղաքական պայքարի մեջ է մտնում, օր-օրի գալիս է բացահայտ քաղաքական դաշտ, ձերբակալման նպատակը հենց դա կանխելն էր»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Նա նկատեց, որ փորձեր է արվում ուղղորդել ազատամարտիկների շարժումը թե իշխանության, թե ընդդիմության ուժերի կամ առանձին անհատների կողմից։ Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց իշխող ռեժիմին մոտ կանգնած ուժերի հետ համագործակցող ազատամարտիկներին դուրս գալ այդ ճահճից։ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝  այս տարիների ընթացքում մեր ընդդիմությունը միշտ այդպես է գործել, արդյունքը զրո է եղել, այժմ էլ իշխանությունն օգտագործում է ազատամարտիկների ձեւաչափը։

«Այնտեղ կան ազնիվ տղաներ, դուրս եկեք այդ ճահիճից, որեւէ հույսեր չփայփայեք գործող ռեժիմին ենթակա ուժերի հետ։ Խայտառակ փաստի են ականատես եղել, ազատամարտիկները հանդիպում են հայտնի օլիգարխիայի ներկայացուցչի հետ եւ փորձում են գործակցել երկիրը վիճակից դուրս բերելու շուրջ: Սա անհեթեթություն է. ինչպե՞ս կարելի է համագործակցել մեկ ուժի հետ, ով մասնակիցն է երկիրը այս վիճակին հասցնելուն։ Այնտեղ մի քանի հոգի կան, որոնց ես պետք է փորձեմ փրկել, հիմա էլ զբաղվում եմ դրանով»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազատության հրապարակում  ազատամարտիկների բողոքին միացած պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ/ գործի շրջանակներում է  ձերբակալվել  պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը, ապա կալանավորվել:

Գործի նյութերով Վ. Ավետիսյանը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն երկար ժամանակ նստացույցեր եւ հանրահավաքներ է իրականացնում Երեւանում եւ ՀՀ այլ քաղաքներում՝ պահանջելով ազատամարտիկների կենսաթոշակները կրկնապատկել, զոհվածների ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին արժանապատիվ կենսաթոշակ նշանակել: «Խոսքը թե ազատամարտիկների, թե պայմանագրային եւ եռամսյա զինծառայողների մասին է, բոլոր-բոլորի»,-ասել էր նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am