Հայաստանում քաղաքացիականի եւ քաղաքականի միջեւ սահմանն այնքան է մոտեցել, որ չենք կարող տարբերել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նախախորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը։ Նա պազաբանեց, որ քաղաքացիականը ժողովրդի արդարացի պահանջն է, քաղաքականը՝ կուսակցությունների՝ օրենքը գերակայելու միտումը, բայց  Հայաստանում դա  չի գործում, հետեւաբար՝ քաղաքացիականն է իր վրա վերցնում քաղաքական ուժերի պարտականությունները։

«Երկուսի սահմանն այնքան է մոտեցել, որ չենք կարող տարբերել քաղաքացիականը քաղաքականից։ Քաղաքացիականը պահանջում է արդարություն, բայց քանի որ քաղաքականը օրենք չի պահանջում, հետեւաբար՝ քաղաքացիականը պահանջում է, որ օրենքը գործի։ Փակ շուկայի հարցը քաղաքական է, չի քննարկվում արդար է, արդար չէ, պահանջվում է, որ օրենքը գործի»,- ասաց «Նախախորհրդարանի» անդամը։

Նա շեշտեց, որ «Փակ շուկայի» մոտ հավաքված Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները վատ էին տրամադրված սփյուռքահայերի նկատմամբ, ասում էին՝ թե «ախպարներին պետք է վառել, վտարել Հայաստանից» եւ այլն։ «Սա գալիս է նրանից, երբ որ երեսփոխան Սամվել Ալեքսանյանը պաստառներ է կախում իմ պատկերով եւ բնութագրում որպես օտարերկրյա լրտես, նրանց մոտ տպավորություն է, թե սփյուռքահայերը լրտեսներ են: Այդպես փորձում են սեպ խրել ժողովրդի մեջ։ Ես կոչ եմ անում բոլոր սփյուռքահայերին, որ Հայաստանը մեր բոլորինն է, եկեք եւ տեր կանգնենք»,- ասաց Կարո Եղնուկյանը։

Նա նշեց, որ այդ պաստառի հետ կապված երկու իրավական գործընթաց կա՝  քրեական եւ քաղաքացիական, «այն, ինչ գրված է պաստառի վրա իմ պատկերով, հրահրում է ատելություն, դա քրեորեն պատժող արարք է», եւ այս հարցով նա կդիմի վարչական դատարան։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am