Այսօրվա վիճակում գտնվող մեր երկիրը համարել անկախ, մեղմ ասած, չափազանցություն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը։
Նա նշեց, որ անկախությունը ներքին ազատությունը եւ ստեղծագործելու հնարավորությունը երաշխավորելն է, եւ մենք տարեցտարի կորցնում ենք նաեւ անկախության ֆորմալ դրսեւորումները, որի վերջին օրինակը Մաքսային միությանը միանալու հայտարարությունն էր։ «Սա վերջակետ է դնում անկախության մասին հայտարարութուններին, այժմ մեկ հրամայականի առջեւ ենք՝ վերստին ամբողջացնել 88-ին սկսած, բայց ավարտին չհասցրած ազգային, ազատագրական պայքարը, որը պետք է ապահովի արտաքինից պաշտպանվելը եւ ներքին առումով ժողովրդին ազատություն տալը։ ՄՄ-ին անդամակցելը նախաքայլ է դեպի Եվրասիական միություն՝ տնտեսական եւ քաղաքական միության նախաքայլ: Դա Հայաստանից վերցնում է գերիշխանության լայն ատրիբուտներ, մենք դեմ ենք այս մոտեցմանը։ Մենք հակառուսական դիրքորոշում չունենք, խնդիրը սկզբունքային է, պետական գերիշխանությունը կորցնելուն է վերաբերում։ Նման դիրքորոշում ունենք նաեւ Եվրամիության հետ կապված»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը։
Նա նշեց, որ «Նախախորհրդարանի» արտաքին քաղաքական հայեցակարգի ներկայացման առաջին զեկույցը կլինի այս շաբաթ։ Նա դատապարտեց նաեւ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածը՝ շեշտելով, որ անընդունելի է Հայաստանի տարածքում ցանկացած այլ օտար ուժային կառույցի կողմից որոշումներ կայացնելու եւ Հայաստանի քաղաքացու նկատմամբ նման դիրքորոշումներ ցուցաբերելու քայլը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























