«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Հրազդանի երկաթուղային կայարանի 30-40 աշխատակիցներ այսօր` սեպտեմբերի 26-ին` առավոտյան ժամը 8-ից գործադուլ են սկսել՝ ի պաշտպանություն իրենց նախկին տնօրենի: Հակոբ Ստեփանյանին աշխատանքից ազատել են քսան օր առաջ։ Աշխատողներն ասում են, որ տնօրենին անհիմն են հեռացրել։

Գործադուլավորների պահանջը լսելու համար Հրազդան են եկել ընկերության պատասխանատուները: Այս պահին փակ խորհրդակցություն է ընթանում: Դեռևս ոչ մի արդյունք հայտնի չէ:

Տեղեկություններ կան, որ տնօրենին աշխատանքից ազատել են այն բանից հետո, երբ կայարանի տարածքում ավտոմեքենայի հարվածից մահացել է կայարանի աշխատակիցներիրց  մեկը: Աշխատակիցները, սակայն, վստահ են, որ դա ընդամնեը պատրվակ է։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել ոչ աշխատանքային օրը, եւ, ըստ նրանց, զոհվածի անզգուշության հետեւանք է եղել։