Ամառային հանգստի ամիսներն ուրախալի էին, որովհետեւ օր-օրի քաղաքացիական դաշտը ձեւավորվում է, որը խորապես քաղաքական է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Նրա խոսքով՝ բոլորս ականատես եղանք «Հարյուրի» շարժման հաջողությանը, շատերը հասկացան, որ հայերս կարող ենք ինչ-որ գաղափարի շուրջ միավորվել, տարբեր խմբեր կարողացան հանգիստ գործակցել այդ գաղափարի շուրջ, եւ արդյունքը շոշափելի էր կարճ ժամանակում։

Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ շարժման սկզբնական շրջանում թերահավատություն կար, բայց շնորհիվ փոքրիկ խմբերի համառության, Երեւանի բնակչությունը հուսադրվեց եւ լծվեց պայքարի, դա հակառակորդին սարսափեցրեց, դրան հաջորդեցին քաղաքացիական ակտիվության տարբեր դրսեւորումներ՝ Կոմիտաս 5, բակային այլ պայքարի դեպքեր, «Փակ շուկայի» ակտիվությունը, այս ամբողջը հակառակորդին խիստ մտահոգեց եւ նա անցավ հակահարձակման տարբեր ձեւերով՝ ընդհուպ բռնության դիմելով, նպատակն էր՝ վախեցնել երիտասարդությանը։

«Բոլորովին նոր չէ երիտասարդների վրա հարձակվելը, եղել են դեպքեր, երբ վախեցնելը, կաշառելը ձախողելուց հետո լինում են բռնության դեպքեր։ Այս անգամ դա արդյունք չէր տալիս, դրա համար երկարեց բռնությունը, ստիպված հրաժարվեցին։ Ունենք նվաճում, երիտասարդների զգալի մասը չի վախեցել դրանից, մեծ մասը ասել է, որ պայքարը վճռական է դարձել եւ շարունակվելու է։ Երբ տեղի են ունենում հարձակումներ եւ ձերբակալվածներ չկան, պարզ է, որ այս ամբողջը կազմակերպվել է իրավապահ մարմինների հետ միասին: Մեկ անգամ եւս ապացուցվում է, որ մեր երկրում կառավարվող համակարգը կրիմինալն է»,- ասաց »Նախախորհրդարանի» անդամը։

«Նախախորհրդարանը» հետաձգել է իր այսօր կայանալիք հանրահավաքը, այդ մասին նախօրոք տեղյակ են պահել, այժմ հարմար են գտնում մարտավարական իմաստով այլ մեխանիզմներ որդեգրել նույն նպատակների իրականացման համար, եւ քանի որ երկրում անորոշություն է, ամեն ինչ խառնվել է իրար, առայժմ կդադարեցնեն հանրահավաքային տակտիկան։ Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց, որ իրենց նպատակը ոչ միան «սրանց քշելն է», այլ պետություն ստեղծելը, եւ գործողությունների դանդաղկոտությունը դրա մեջ է։ «Համոզված ենք, որ փոփոխությունը մենք ենք անելու եւ մեր հույսը մեր ժողովուրդն է։ Մինչեւ 2018թ. պետք է լինեն փոփոխությունները, չենք կարող այդքան սպասել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am