Ադրբեջանի նախագահական ընտրություններից 2 շաբաթ առաջ, Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել կլոր սեղան, որտեղ քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հանձնախմբից:

Եվս մեկ անգամ Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատել են Ադրբեջանին՝ մարդու իրավունքների ցած մակարդակի եւ ժողովրդավարական արժեքների բացակայության համար: Նրանք շեշտել են, որ շատ այդ երկրում քաղաքական գործիչները,, լրագրողներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հաճախ են «հյուրընկալվում» երկրի բանտերում, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի իշխանությունները խախտում են մարդու հիմնարար իրավունքները, ինչպիսիք են ազատ արտահայտվելու եւ ազատ հավաքներ կազմակերպելու իրավունքները:

«Կուզենք տեսնել ազատ եւ արդար ընտրություններ: Տարածաշրջանում Ադրբեջանն ունի քաղաքական բանտարկյալների ամենից բարձր թիվը, նույնիսկ Բելառուսից շատ»,-ասել է Անա Գոմեսը (Ընկերվարականներ եւ ժողովրդավարներ, Պարտուգալիա): Եվրոպայի արտաքին հարաբերությունների գերատեսչության ներկայացուցիչը նշել է, թէ «ժողովրդավարությունը, հիմնական հարց է կայուն հարաբերություն ունենալու համար եւ մենք պիտի շարունակենք ավելին ակնկալել Ադրբեջանից»:

Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆուաթ Մուրադովի խոսքով՝ Եվրոպան փաստ չունի Ադրբեջանի սխալ ընթացքն ապացուցելու համար: Նրա գործընկեր Ասիմ Մոլլազադեն, որպես իր երկրի առաջադիմության փաստ, նկատել է Ադրբեջանում ամենից արագ համացանց ունենալու իրողությունը:

Եվրոպացի պատգամավորները դատապարտել են ադրբեջանցի պատվիրակներին՝

Ադրբեջանում առկա իրականությունը չարտահայտող հայտարարությունների համար:

Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն ասել է, որ դարձյալ մատնանշվել են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: «Որքա՞ն ժամանակ դեռ Եվրոպան պիտի պահի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները ակնկալիքների եւ մաղթանքների մակարդակի վրա: Եկել է պահը, երբ Եվրոպան պետք է խոսքը գործի վերածի եւ սկսի պահանջել՝ հույսերի մակարդակի վրա մնալու փոխարեն»,-ասել է նա: