Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի հիմնական նպատակը սիրիահայ փախստականների վիճակին ծանոթանալն էր, քանի որ Կանադան ցանկանում է օգնել նրանց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնը:
Նրա խոսքով՝ ԼՂՀ իշխանություններն օգնեցին խորությամբ ծանոթանալ սիրիահայ փախստականների խնդիրներին: «Ես Կանադայի կառավարության անունից խոսելու լիազորություն չունեմ: Այս կապակցությամբ ես հանդիպեցի ինչպես սիրիահայ փախստականների, այնպես էլ Հայաստանի սփյուռքի նախարարի հետ», - նշել է Ստեֆան Դիոնը:
Սիրական հարցի վերաբերյալ Կանադայի դիրքորոշմանն անդրադառնալով՝ նա ընդգծել է. «Մենք բոլորս պայքարում ենք տարածաշրջանի խաղաղության համար եւ շատ մտահոգ ենք քիմիական զենքի կիրառման փաստից: Կանադան կողմերի միջեւ երկխոսության կողմնակիցն է, սակայն վստահ չենք ընդդիմադիրների եւ մարտնչող տարբեր խմբավորումների հարցում»: Նա նաեւ հավելել է, որ Կանադան շատ ուրախ է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ քիմիական զենքի շուրջ ձեռքբերված համաձայնության համար:
Նշենք, որ Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնը Հայաստանում եւ ԼՂՀ-ում մեկ շաբաթ է անցկացրել: Սեպտեմբերի 21-ի երեկոյան նա աշխատանքային այցով ժամանել էր Երեւան: Սեպտեմբերի 22-ին Դիոնն այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրան ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Սեպտեմբերի 23-ին կանադացի պատգամավորը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաեւ Բերձորում՝ մի խումբ սիրիահայերի հետ:
Հայաստանում Ստեֆան Դիոնը հանդիպել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայաստան-Կանադա խորհրդարանական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանի, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, Վահան Հովհաննիսյանի հետ: Սեպտեմբերի 25-ին նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաեւ մտել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Ստեֆան Դիոնի աշխատանքային այցը Հայաստան եւ ԼՂՀ, կավարտվի սեպտեմբերի 27-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























