Ես Թուրքիայում չեմ կարդացել ոչ մի հրապարակում, որում ողջունվեր Էրդողանի հայտարարությունը հայերի հնարավոր արտաքսման վերաբերյալ: Նման հայտարարությամբ Երեւանում մարտի 23-ին հանդես է եկել Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ջեմ Թոքերը:

Նրա խոսքով, կառավարության ղեկավարի արտահայտություններին քննադատական գնահատական է տրվել անգամ իշխանամետ լրատվամիջոցներում: «Համոզված եմ, որ եթե կառավարությունն իսկապես որոշի արտաքսել հայերին, դրան, առաջին հերթին, դեմ կլինի թուրքական հասարակությունը»,- հավաստիացրել է գործիչը:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր արտաքսել Թուրքիայում ապօրինի բնակվող հայերին: Վարչապետը հետագայում փորձեց արդարանալ՝ հայտարարելով, որ ձգտել է շեշտը դնել հարեւանների հետ լավ հարաբերությունների վրա, որի շնորհիվ էլ Հայաստանի քաղաքացիներին թույլատրվում է աշխատել Թուրքիայում: