«Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ այսօր իշխող քաղաքական էլիտան ֆիասկո է ապրում եւ ձախողել է իր առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։
Նշելով, որ ներկայիս իշխանությունները պետք է հասկանան այս ամենը եւ կամովին գնան արտահերթ համապետական ընտրությունների՝ նա ընդգծեց, որ Հայաստանն իր առջեւ ծառացած խնդիրներին կարող է դիմագրավել միայն ժողովրդի կողմից ընտրված նախագահ ունենալու եւ լեգիտիմ խորհրդարան ձեւավորելու պարագայում։ «Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ոչ ցավոտ տարբերակը արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելն է»,- նշեց Լիբերալ կուսակցության նախագահը՝ ավելացնելով, որ Հայ ազգային կոնգրեսի կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու վերջնաժամկետը (հունիս-սեպտեմբեր ամիսներ), օդից վերցված չէ. «ՀԱԿ-ը բավական պոտենցիալ ունի, որպեսզի կարողանա իր վրա վերցնել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման պատասխանատվությունը, եւ ժողովուրդն է, որ պետք է որոշում կայացնի՝ ում ձայն տալ եւ ում վստահել»,- նշեց Հովհ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հանուն հայ ժողովրդի եւ Հայաստանի՝ ներկայիս իշխանությունները պետք է րոպե առաջ հեռանան քաղաքականությունից։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն, Լիբերալ կուսակցության նախագահը ընդգծեց, որ նա այդ իրավունքը չի վաստակել, եւ ուրիշի ձեռքով պաշտոնի նշանակվելը ազնիվ բան չէ։
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը իր վերջին հանրահավաքին պահանջ էր ներկայացրել հունիս-սեպտեմբեր ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնել Հայաստանում։



















