Բաքվի մետրոյում երիտասարդ աղջկա ձեռքը քիչ է մնացել կտրվի: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքը կատարվել է մետրոյի «Մայիսի 28»-ի կայարանում: Աղջիկը պիկ ժամին փորձել է մի կերպ խցկվել մետրոյի վագոն: Մի քանի փորձից հետո նրան հաջողվել է, սակայն վերջին պահին փոշմանել է եւ ցանկացել է դուրս գալ:
Այդ պահին դռները փակվել են, աղջիկն արդեն դրսում է եղել, բայց ձեռքերը մնացել են դռների արանքում: Գնացքը շարժվել է: Ուղեւորների ջանքերով գնացքը հաջողվել է կանգնեցնել, եւ աղջիկը փրկվել է: Նրան շոկային վիճակում կայարանի տարածքից հեռացրել են մետրոպոլիտենի աշխատակիցները: Առայժմ հայտնի չէ, թե ինչու չի գործել դուռը ոչ լիարժեք փակվելու դեպքում գնացքի կանգառման համակարգը:





























