Սիրիական Ռաքքա քաղաքում երկու եկեղեցիներ են հարձակման ենթարկվել, որոնցից մեկը հայկական կաթոլիկ «Սուրբ նահատակաց» եկեղեցին է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց լիբանանյան «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Ըստ նրա, հայկական կաթոլիկ եւ հունական ուղղափառ եկեղեցիները պղծել են եւ կողոպտել:
Նշենք, լրատվամիջոցներում շրջանառվում է, որ հարձակումը «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող ջիհադիստներն են կազմակերպել, որոնք Սիրիայի իշխանությունների հակառակորդների կողմից են: «Սուրբ նահատակաց» եկեղեցու վրա հարձակված իսլամիստները ավերել են խաչով գմբեթը եւ խմբավորման դրոշը տեղադրել:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 17 –ի երեկոյան հրետակոծման էին ենթարկվել Դամասկոսի հայ կաթոլիկ եկեղեցու թեմի շենքը: Հրթիռային հարվածի արդյունքում վնասվել էր շենքի երրորդ հարկը, ինչպես նաեւ մոտակայքում գտնվող հայկական «Լույս» եւ «Փարոս» գիմնազիայի շենքը: Հայ կաթոլիկ եկեղեցու թեմի շենքը գտնվում է քաղաքի հին հատվածի Բաբ Թաումա թաղամասում, որը քանիցս հրետակոծման էր ենթարկվել, սակայն թեմի շենքն առաջին անգամ այդ հարձակումից էր տուժել:





























