Գեւորգ Կոստանյանը բոլոր առումով եւ որակներով, ավելի ընդունելի է, քան Աղվան Հովսեփյանը, թեեւ այս միջավայրում նա չի կարող իրեն դրսեւորել որպես օրինականության պահապան: Այս մասին Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպումից հետո ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա շեշտեց, որ լսելով  իր մոտեցումները եւ աշխատելու պատրաստակամությունը, պետք է Գեւորգ Կոստանյանին  ժամանակ տալ՝  բարձրացրած հարցերի լուծման համար: Իսկ ՀԱԿ-ը գլխավոր դատախազի թեկնածուի առջեւ բարձրացրել է մի շարք հարցեր՝ Մարտի 1, Տիգրան Առաքելյան, ՍԴՀԿ-Լյուդմիլա Սարգսյան դատավարություն, օֆշորային սկանդալ եւ այլն: Գեւորգ Կոստանյանը նշել է, որ դեռ պետք է ուսումնասիրի այդ հարցերը, քանի որ դրանցից տեղյակ է միայն մամուլից:

Ի դեպ, Լեւոն Զուրաբյանը նաեւ ասաց, որ դեռ խմբակցությունում չի քննարկվել եւ պարզ չէ, թե ինչպես կքվեարկեն Գեւորգ Կոստանյանի նշանակման:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը Նա այսօր Աժ-ում հանդիպում է խմբակցությունների հետ: Գլխավոր դատախազին Հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։