Այսօր` մարտի 23-ին ՀՀ վարչական դատարանը քննել է «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Թեղուտի հանքավայրի շահագործման, որն ուղղված է Բնապահպանության նախարարության, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, ինչպես նաեւ երրորդ կողմ հանդես եկող «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի դեմ: Սակայն, դատը դեռ չսկսված` ավարտվել է, քանի որ դատավոր Արծրուն Միրզոյանը արագացված կարգով դատաքննությունը համարել է ավարտված:

Հիշեցնենք, որ «Էկոդար» կազմակերպությունը պահանջում է չեղյալ համարել Թեղուտի անտառների վերաբերյալ կառավարության ընդունած որոշումները եւ դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը, քանի որ դա վնաս է հասցնում Հայաստանի բնությանը: Վարչական դատարանը «Թեղուտի գործով» իր վճիռը կհրապարակի վաղը` մարտի 24-ին:

Իսկ այդ ընթացքում Վարչական դատարանի դիմաց հավաքվել են Թեղուտի պաշտպանության խումբը, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բողոք-ակցիա են կազմակերպել: Նրանց մեջ էր նաեւ բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

Տեսնելով, որ դատարանը շատ արագ ավարտել է դատալսումը, դրսում հավաքվածները, ի պատասխան դատարանի պահվածքի, հանդիսավոր կերպով թաղել են վարչական օրենսգիրքը: