Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունները՝ Nabucco գազամուղով գազ մատակարարելու շուրջ, դադարեցվել են։ Այս մասին մարտի 23-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յիլդիզը։
Բանակցային գործընթացի դադարեցման հիմնական պատճառը, թուրք նախարարի հավաստմամբ, տարածաշրջանային քաղաքական զարգացումներն են։
«Մենք Ադրբեջանի հետ բանակցություններ չենք վարել վերջին մեկուկես ամսվա ընթացքում։ Գլխավոր պատճառը տարածաշրջանում քաղաքական իրադարձություններն էին»,- հայտարարել է Յիլդիզը։
Նրա խոսքով, մինչ օրս պարզ չէ, թե ինչպես է արձագանքել Ադրբեջանը Թուրքիայի առաջարկին՝ գազ տեղափոխել դեպի Եվրոպա շուկայականից ցածր գներով.
«Մեր առաջարկը, հնարավոր է՝ ընդունվի։ Ես արդեն ասել եմ, որ այն ընդունելի է շուկայական պայմանների տեսանկյունից»։ Միեւնույն ժամանակ Յիլդիզը վստահեցրել է, որ վերջ ի վերջո կողմերն առանց լարվածության կարող են հասնել արդյունքի",-մեջբերում է նախարարի խոսքերը ИТАР-ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին։
Գազի մատակարման շուրջ թուրք-ադրբեջանական բանակցությունները տարվում են դեռեւս անցած տարվանից, եւ դրանք հիմնականում կենտրոնացված են վառելիքը «Շահ Դենիզ» հանքավայրից ստանալու վրա։ Անկարան հույս ունի, որ այդ բնական գազը Nabucco գազամուղի միջոցով կտեղափոխվի Եվրոպա։



























