Հայաստանի եւ Ղրղըզստանի հաշվին Մաքսային միության հեռանկարային ընդլայնման ֆոնին Ղազախստանում լայնածավալ քարոզարշավ է սկսվել Մաքսային միությունից երկրի դուրս գալու կապակցությամբ: Ակտիվիստները պահանջում են հանրաքվե անցկացնել եւ Ալմաթիում նախաձեռնող խմբի հավաք են կազմակերպել, որին մասնակցել է մոտ 500 մարդ: Այժմ Մաքսային միությունից Ղազախստանի դուրս գալու կողմնակիցները պետք է հավաքեն 200 հազար ստորագրություն, որպեսզի դիտարկվի հանրաքվեի անցկացման հարցը, հաղորդում է «Ռոսբալթը»:
Բացի այդ, հայտնի հասարակական գործիչները, քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները իշխանություններին ուղղված կոչ են հրապարակել՝ Եվրասիական միությանն անդամակցելուց հրաժարվելու: Մեծ ակտիվությամբ են առանձնանում երիտասարդները: Նրանց կարծիքով՝՝Եվասիական միությանը Ղազախստանի անդամակցությունը «մեծ սպառնալիք է ղազախական պետականության համար» եւ տնտեսական կամ քաղաքական որեւէ շահույթ չի բերի հանրապետությանը:
Ինչպես գերմանական Deutsche Welle պարբերականին հայտնել է ղազախ քաղաքագետ, Ռիսկերի գնահատման խմբի տնօրեն Դոսիմ Սաթլաեւը, ինտեգրացիոն գործընթացներն ունեն իրենց դրական կողմը, բայց Մաքսային միության դեպքում «իրողություններն այնպիսին են, որ բոլոր այդ դրական կողմերը արդյունքում վերածվում են բացասականների»:
Ղազախստանի Էկոնոմիկայի եւ բյուջետային պլանավորման փոխվարչապետ Թիմուր Ժակսըլըքովը հավելել է, որ հանրապետությունը ինտեգրացիոն գործընթացներից ակնկալել է իր ապրանքների սպառման մեծացում, զբաղվածության«կատաղի» աճ եւ արդյունաբերական հզորությունների գործարկում, բայց դա դեռեւս տեղի չի ունեցել:
Ֆինանսների նախարար Բոլաթ Ժամիշեւն, իր հերթին, արձանագրել է, որ ղազախական արտադրանքի արտահանումը Ռուսաստան եւ Բելառուս էապես կրճատվել է, եւ Մաքսային միության ստեղծումից հետո առեւտրային սալդոն փոփոխվել է ի վնաս Ղազախստանի:
Առաջ է գալիս նաեւ Մաքսային միությունն առավել թույլ տնտեսական խաղացողներով համալրելու նպատակահարմարության հարցը, ինչպիսիք են Ղրղըզստանն ու Հայաստանը: Չե՞ն նստի նրանք Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի վզին, որոնց տնտեսական ներուժը առանց այդ էլ նվազում է: Եվ «թույլերի» ֆինանսատնտեսական ճգնաժամը չի՞ ազդի Մաքսային միության առավել ուժեղ անդամների բարեկեցության վրա, ինչպես Հունաստանի վիճակը՝ ԵՄ-ի ընդհանուր վիճակի վրա:




























