Հոկտեմբերին Եվրախորհրդարանը կարող է վավերացնել Հայաստանի հետ վիզաների եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Խրիստեան: Նա ընդգծել է, որ այս երկու համաձայնագրերը չի կարելի մեկը մյուսից զատել. դրանք պետք է միասնական փաթեթով օրենքի ուժ ստանան: «Որքան ես տեղյակ եմ, վավերացումը տեղի կունենա հոկտեմբեր ամսվա ընթացքում»,- պարզաբանել է Խրիստեան:
«Մի կողմից Հայաստանն ու ԵՄ-ը համաձայնության են եկել իրենց մի շարք քաղաքացիների ապահովել ԵՄ մուտքի թույլտվության տուրքերը կրճատում կամ զրոյացում, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ կրճատել վիզաների տրամադրման գործընթացի տեւողությունը: Մյուս կողմից պետք է այնպես անել, որպեսզի քաղաքացիների տեղաշարժումը լինի անվտանգ ու հուսալիորեն վերահսկելի»,- նշել է դեսպանը:
Նրա խոսքով Հայաստանն ու ԵՄ-ը պատրաստել են նախագծերի լուրջ ցուցակ, որոնք վերաբերում են մարդկանց տեղաշարժմանը: Եւ հետագայում նախատեսվում է Հայաստանին որոշակիորեն աջակցել իրավական ոլորտում, այդ թվում նաեւ մարդկանց տեղաշարժի հարցերում:
Վիզային համակարգի մեղմացման եւ Հայաստանի ու ԵՄ միջեւ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերը կնքվել են համապատասխանաբար 2012թ.-ի դեկտեմբերին եւ 2013թ.-ի ապրիլին:
Նշենք, որ ԵՄ-ում անօրինական հիմունքներով բնակվում են մեծ թվով հայաստանցիներ (ՀՀ Պետական միգրացիոն ծառայությունը նրանց թիվը չի հրապարակում): Նրանց հետագա սոցիալական հարցերի լուծման ծրագրերի վերաբերյալ Կառավարությունը դեռ որեւէ հայտարարություն չի արել:





























