Սիրիայում տիրող իրավիճակը կարեւոր հարց է, որը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մտահոգությունն է առաջացնում: Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ներկայացնելով այդ կազմակերպությունում Երեւանի 6-ամսյա նախագահության արդյունքները:
Նալբանդյանն ընդգծել է, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Սիրիայի հարցով բանավեճեր անցկացնելու որոշումը ներկայացնում է, որ պատվիրակները մտահոգված են սիրիական ճգնաժամի խնդրով եւ ցանկություն ունեն այդ առումով արտահայտվելու:
Նրա խոսքով՝ որպես Հայաստանի ԱԳ նախարար, նա ողջունել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությունը՝ ճգնաժամը դիվանագիտորեն լուծելու: Նա նաեւ ընդգծել է, որ պաշտոնական Երեւանը աջակցում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված բանաձեւին, որն ուղղված է ճգնաժամի դիվանագիտական հանգուցալուծմանը: Այն խաղաղություն կբերի Սիրիայի բնակիչներին, այդ թվում՝ այնտեղ բնակվող հազարավոր հայերին:





























