Մարտ ամիսը Հայաստանի համար զեկույցներով լի ամիս է: Այս ամսվա սկզբին հրապարակվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը, այնուհետ` ԱՄՆ պետդեպարտամենտի ամենամյա տարեկան զեկույցը, «Հելսինկյան ասոցիացիայի» զեկույցը` ՀՀ-ում մարդու իրավունքնրի վերաբերյալ, իսկ օրեր առաջ հրապարակվել է 2009 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցը: Նշված բոլոր զեկույցներում ամփոփված տեղեկատվության, գնահատականների եւ մեկնաբանությունների հանրագումարը վկայում է մեկ բանի մասին` 2009 թվականի կտրվածքով մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը շարունակում է մնալ անմխիթար:
ՄԻՊ-ի զեկույցն ուշագրավ է այն իմաստով, որ այն, փաստորեն, մեր երկրում ներդրված մարդու իրավունքների պաշտպանության պետական ինստիտուտի ներկայացրած փաստաթուղթն է, որն էլ ցույց է տալիս, թե ինչպիսի՞ն է պետական պատկերացումը քաղաքացիների ազատությունների ու պաշտպանվածության մասին: Կոնկրետ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի աչքերով` վիճակն այնքան էլ վատ չէ. համենայնդեպս, դատելով նրա հեղինակած զեկույցում արտացոլված նկարագրություններից, ձեւակերպումներից ու գնահատականներից, այդ տպավորությունն ենք ստանում: Ծավալուն` 176 էջից բաղկացած եւ չորս բաժիններից կազմված այս` ավելի շատ գիտական թեզ հիշեցնող զեկույցին, սակայն, ՀՀ իրավապաշտպան կազմակերպությունները կոշտ գնահատականներ տվեցին` «խայտառակ», «թերի», «խիստ խոցելի», «երկուսի արժանի», «զեկույց` զեկույցի համար» եւ այլ զանազան որակումներ: «Հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Միքայել Դանիելյանն, օրինակ, կտրուկ արձագանքեց. «Այս զեկույցը ես իրավապաշտպանի զեկույց չեմ կարող համարել, դա ավելի շատ ակադեմիական զեկույց է: Գուցե դա նորմալ է օմբուդսմենի համար, բայց ոչ երբեք իրավապաշտպանի: Դրանում մարդու իրավունքների խախտման դեպքերի օրինակներն այնքան քիչ են, որ մարդ նույնիսկ տարակուսում է: Եւ բերված ընդամենը մի քանի օրինակները չեն կարող դիտվել որպես երկրում մարդու իրավունքների վիճակի իրական արտացոլում: ՄԻՊ-ն ավելի շատ բան պիտի իմանար, քան մյուս իրավապաշտպան կազմակերպությունները: Եթե նա քիչ բան գիտի, ուրեմն վա’տ է աշխատում»:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցն էլ էր կոշտ իր գնահատականներում: Ասաց. «Երբ մարտի 1-ի դեպքերից հետո ՄԻՊ-ը զեկույց ներկայացրեց, օմբուդսմենի ինստիտուտի իմիջը դրանից հետո բարձրացավ, եւ դուրս եկավ, որ Արմեն Հարությունյանը հավատացել է, որ ինքը օմբուդսմեն է: Բայց այս զեկույցն ընդհանրապես չի արտացոլում երկրում առկա վիճակը, եւ եթե սա համեմատելու լինենք մինչ այս հրապարակված` Human Rights Watch-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված զեկույցների հետ, ապա դրանցում նկարագրական իմաստով ավելի շատ օրինակներ են բերված` մարդու իրավունքների խախտաման դեպքերի հետ կապված, ավելի հարուստ նյութ կա, քան այս զեկույցում: Այն դեպքում, երբ հենց ՄԻՊ-ը պետք է շատ ավելի ընդգրկուն, հարուստ ու փաստական նյութ ներկայացներ, եւ դրանց համարժեք գնահատականներ տար, որովհետեւ իրավիճակն իսկապես ծայրահեղ է: Եւ այն չեզոք նկարագրական ձեւակերպումները, թե խախտման դեպքերը քննարկվում են, ընթացքում են եւ այլն, սուր եզրերը մեղմացնելու միտում ունեն եւ այդ գիծն առկա է ողջ զեկույցում: Թե ինչի՞ համար է այս զեկույցը հրապարակվել, որ ինչ ցույց տա` ես չեմ կարող ասել»:
Նշենք, որ զեկույցում մասնավորապես անդրադարձ կա կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների կողմից չվացուցակների պահանջները խախտելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՄԻՊ-ին հասցեագրված դիմումին: Եւ ընդամենը նշված է, որ ՄԻՊ-ը հիշյալ դիմումի առթիվ փորձել է պարզաբանում ստանալ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից, եւ իրավիճակը շտկվել է: Այս առթիվ Սաքունցն ասաց, որ այդուհետ ՄԻՊ-ը հետամուտ չի եղել նույնատիպ դեպքերի կրկնությունը բացառելու հարցում, ավելին` որեւէ գնահատական չի տվել այդ հարցում պատասխանատու մարմիններին: «Նա պետք է գրանցեր խախտումը, ներկայացներ պատճառը եւ գնահատական տար, այլ ոչ թե բավարարվեր ընդամենը մտահոգություններ հայտնելով, անընդհատ հղում անելով խախտման դեպքերի ընթացող քննարկումներին»,- ասաց Սաքունցը:
Նրա տպավորությամբ` «ծուռ հայելի հիշեցնող» զեկույցում առկա մեղմ ձեւակերպումները միտված են ընդամենը մեկ բանի` «իշխանությունների դեմքը փրկելուն»: «Նա այնքա՜ն է խղճացել իշխանություններին, որ մտածել է՝ եթե ճշմարտությունը գրի, կհայտնվի անհարմար վիճակում»: Իրավապաշտպանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ զեկույցում անդրադարձ չկա Նիկոլ Փաշինյանին, չկա ոչ մի հիշատակում քաղբանտարկյալների մասին, անդրադարձ` միտինգների իրազեկման մասնակիցների վրա ոստիկանության հարձակումների եւ այլ հայտնի խախտման դեպքերի: Սաքունցն ասաց նաեւ, որ երբ ՄԻՊ-ը Լոռու մարզում էր, իրենք հարց են բարձրացրել տնակային ավանների հողերի աճուրդների խախտման վերաբերյալ, որոնցով խախտվել են մարդկանց իրավունքները, սակայն այդ խախտման մասին եւս զեկույցում անդրադարձ չկա: Եւ ուրեմն, զեկույցին Սաքունցի տված գնահատականն այս է` «մեկից հանած»: «Քաղբանտարկյակների եւ հալածյալների կոմիտեի» անդամ Վարդան Հարությունյանն էլ շատ կարճ հայտնեց իր կարծիքը. «Այն զեկույցները, որոնք հրապարակում են մարդու իրավունքների պաշտպանները կամ օմբուդսմենները ու չեն հիշատակում, որ Հայաստանը երկիր է, որտեղ կան քաղաքական հալածանքներ, կան քաղբանտարկյալներ, երկիր, որտեղ կան քաղաքական բռնություներ ու հետապնդումներ, այդ զեկույցներին ես վերապահումով եմ վերաբերվում: Դրանք սոսկ զեկույցներ են` զեկույցների համար»:
Հեղինե Մանուկյան



















