Անհրաժեշտ է խորացնել Վրաստանին եւ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» այլ անդամ պետություններին ցուցաբերվող աջակցությունը: Այդ մասին սեպտեմբերի 30-ին ԵՄ քաղաքականության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի Թբիլիսիում գտնվող  պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online»-ը, վարչապետն ընգծել է. «Հաշվի առնելով Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերները՝ կառավարության անունից ԵՄ-ին կոչ եմ անում խորացնել մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը, ԵՄ-ին դիմում եմ նաեւ խնդրանքով, ոպեսզի առավելագույնս համագործակցի ԵՄ հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացման հարցում»:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել եվրոպացի դիվանագետներին եւ հաստատել է եվրոպական հոսանքին իրենց անբեկանելի աջակցությունը՝ ընգծելով դրա կարեւորությունը երկրում ժողովրդավարության զարգացման գործում: «Ժողովրդավարության ճանապարհին ձեռք բերված հաջողությունները հույս են ներշնչում, որ մեր երկրում ուղի կբացվի դեպի եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրացում: Մենք լավ հասկանում ենք, որ դա միակ եղանակն է, որը մեզ թույլ կտա իրական ժողովրդավարություն ձեւավորել: Միայն այդ գործոնն է որոշում ազգային անվտանգության կայացումն ու ժողովրդավարության զարգացումը»,- հայտարարել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ այդ գործընթացում որոշիչ նշանակություն ունի Եվրամիության ամեն անդամի աջակցությունը:

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդում էին, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն ակնկալվում է նոյեմբերին կայանալիք ԵՄ «Արեւելյան համագործակցության» վիլնյուսյան գագաթնաժողովում, իսկ փաստաթղթի ստորագրումը՝ 2014թ.-ի առաջին կեսին:

Մի քանի օր առաջ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել էր, որ ԵՄ հետ Վրաստանի ասոցացման պայմանագրի նախաստորագրումը տեղի կունենա «վիլնյուսյան գագաթնաժողովից մի քանի ամիս անց»: