Մոլդովայի 200 հազար քաղաքացիներ չեն կարողանա մուտք գործել Ռուսաստանի տարածք: Ինչպես հայտնում են Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությունից, նման արգելքը պայմանավորված է այդ երկրի քաղաքացիների կողմից ռուսաստանյան միգրացիոն օրենսդրության խախտումներով, մասնավորապես, Ռուսաստանում գտնվելու ռեժիմի խախտումը:

Խոսքը վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին, որոնք Ռուսաստան են գալիս գումար վաստակելու համար, սակայն ինչպես հարկն է չեն ձեւակերպում իրենց փաստաթղթերը եւ, առանց միգրացիոն հաշվառման, գերազանցում են օրենսդրությամբ սահմանված ժամկետը: Միգրացիոն դաշնային ծառայությունը ստեղծված իրավիճակի քաղաքական ենթատեքստի վերաբերյալ որեւէ հայտարարություն չի արել, հաղորդում է «Pravda.ru»-ն:

Հիշեցնենք, որ նախկինում մոլդովական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը խստացրել է Մոլդովայից ժամանած աշխատանքային միգրանտների նկատմամբ վերաբերմունքը: Ինչպես պնդում էին, մի քանի շաբաթվա ընթացքում «արտաքսել էին հազարավոր գաստարբայտերների»: