Ադրբեջանի իշխանությունները, արհամարհելով Կարմիր Խաչի ջանքերը, սահմանափակում է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի կապն իր ընտանիքի հետ: Այդ մասին ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հիշեցրել է, որ այս տարվա օգոստոսի 8-ից մինչ օրս Ադրբեջանում գերեվարված է հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ով մոլորվելով տեղանքում` հայտնվել է ադրբեջանական գերության մեջ: «Ոմանք կարծում էին, թե ԵԽ անդամ երկիր Ադրբեջանը գոնե կհարգի իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում` մարդասիրական: Սակայն Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնեւյան կոնվենցիան` հայ զինվորին ադրբեջանական համազգեստ հագցնելով, ադրբեջանական հեռուստատեսությամբ կազմակերպում են «հարցազրույց» շոուներ, որի ժամանակ հստակ երեւում են հայ զինվորի նկատմամբ կիրառված հոգեբանական եւ ֆիզիկական բռնության հետքերը»,- նշել է Զոհրաբյանը:
Նրա խոսքով, հայ զինվորի ընտանիքը չի կարողանում հստակ տեղեկություն ստանալ իր որդու մասին: Ավելին, հայ զինվորին զրկում են հայրենիք վերադառնալու իրավունքից եւ անհեթեթ տեղեկություններ են տարածում երրորդ երկիր Հակոբի մեկնելու ցանկության մասին: «Միանշանակ է, որ այդ, այսպես կոչված, «ցանկությունը», Հակոբին պարտադրվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության արդյունքում: Այն, ինչ անում է Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը, ուղղակիորեն անթույլատրելի է: Եւ եթե Եվրոպայի Խորհուրդը շարունակի լռել, ապա այդ լռության հետեւանքները կարող են կործանարար լինել: Հիշենք հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին, ով գերի ընկներով` անմարդկային կտտանքների ենթարկվեց ադրբեջանցիների կողմից, որից հետո հայ երիտասարդի` գազանաբար տանջամահ արված մարմինը հանձնեցին նրա ծնողներին»,- նշել է Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հակոբը հայրենիքում որեւէ պատասխանատվության չի ենթարկվելու:





























