Լատվիայում հոկտեմբերի 1-ին ուժի մեջ է մտել «Քաղաքացիության մասին» օրենքը, որը հանրապետության քաղաքացիության հետ մեկտեղ թույլատրում է մի շարք այլ երկրների քաղաքացիության ստացումը՝ բացառությամբ Ռուսաստանից:  Փաստաթուղթը քաղաքացի չհանդիսացող անձանց երեխաներին ավտոմատ քաղաքացիության տրամադրում չի նախատեսում, խստացնում է նաեւ հպատակագրման պայմանները:

Պետությունների ցուցակում, որոնց քաղաքացիությունը թույլատրելի է լատվիականի հետ մեկտեղ, ընդգրկված են ԵՄ, Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի, ՆԱՏՕ-ի անդամ երկրները, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Բրազիլիան, ինչպես եւ այն երկրները, որոնց հետ Լատվիան երկքաղաքացիության պայմանագիր է ստորագրել: Ցուցակում ընդգրկված չեն Ռուսաստանն ու ԱՊՀ այլ երկրներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, «Քաղաքացիության մասին» օրենքը խստացնում է հպատակագրման պայմանները (Քաղաքացիության ստացում՝ լատիշերենի եւ Լատվիայի պատմության հատուկ քննության միջոցով): Մասնավորապես, 45 տարեկանից բարձր անձինք այժմ պետք է ապացուցեն, որ վերջին հինգ տարում ապրում են այդ երկրում:

Միաժամանակ քաղաքացի չհանդիսացող անձանց երեխաներին քաղաքացիություն տրամադրելու ընթացակարգը պարզեցվել է: Այսուհետ դա կարելի կլինի իրականացնել ծնողներից մեկի ցանկությամբ: